«Սևան» ազգային պարկի մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլ են տվել սիգի ապօրինի արդյունահանում


12:50 , 20 հուլիս, 2019

168.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։

Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ»  և «Սևան» մասնաճյուղերի տնօրենները և տեսուչները, շահադիտական նպատակներով, ի պաշտոնե լիազորված լինելով միջոցներ ձեռնարկել հսկողություն իրականացնելու ձկների ապօրինի արդյունահանումը բացառելու ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների թույլ են տվել ապօրինի արդյունահանել մեծ քանակությամբ «սիգ» տեսակի ձուկ՝ այդպիսով պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Առգրավված ձուկն ամբողջությամբ տրամադրվել է Գեղարքունիքի մարզում գործող Վարդենիսի տուն-ինտերնատին և Սևանի հոգեբուժարանին։

Բացի այդ, նշված մասնաճյուղերից մեկի տնօրենը 2018-2019 թթ. ընթացքում տեղյակ լինելով իր վերահսկողության ներքո գտնվող մասնաճյուղի տարածքից ՀՀ քաղաքացու կողմից խճաքարի ապօրինի դուրս բերման և տեղափոխման մասին, որպես կաշառք մաս-մաս ստացել է տարբեր չափի գումարներ և չի կանխել ապօրինի գործողությունները: