Ի՞նչ կգրեի իջևանյան դեպքերի մասին, եթե ինքս պատիվ ունենայի լինել իջևանցի


21:38 , 19 հուլիս, 2019

Որքան էլ դառն է ճշմարտությունը, սակայն իջևանյան պատմության իրական ու միակ հերոսները, էմոցիաները մի կողմ դրած, հենց մենք` իջևանցիներս ենք:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ դեպի Նոյեմբերյան ու Վրաստան տանող ճանապարհներն էինք փակում` վստահ լինելով, որ քաղաքացին այլևս բարձրագույն արժեք է, և որ սեփական երկրում ոստիկանը ձեռք չի կարող բարձրացնել սեփական քաղաքացու վրա, իսկ այսօր ամոթահար ու շփոթված ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, ու պարզվել է, որ մեր իսկ կերտած «ամենաժողովրդավար» երկրում մենք միջպետական ճանապարհ փակելու իրավունք այլևս չունենք:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ վստահ էինք, որ ապօրինությունն այն է, երբ այն գործվում է ուրիշների կողմից, իսկ անտառ հատելը չի կարող ապօրինի համարվել, քանի որ այն մենք ենք անում, իսկ այսօր պարզվում է` հարյուրամյակներով մեր արածն ապօրինություն է:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ բաժակ էինք բարձրացնում այն բանի համար, որ առաջին անգամ երկրի ղեկին մեր տավուշեցին է և որ քաղցր աչքով կնայի սեփական հող ու ջրին և այնտեղ ապրող իր հայրենակիցներին, իսկ այսօր ասում ենք` այս մինն էլ կուտ գնաց: Այդ մենք էինք, որ դեռ երեկ պատրաստ էինք անգամ դիմացինի արժանապատվությունը վիրավորել, ով կհամարձակվեր չհամաձայնվել, որ սովորական ընտանիքից դուրս եկած տղան, երբ հայտնվում է իշխանության ղեկին, բոլորից լավ է հասկանում օրվա հացի համար անտառի ու հողի հետ կռիվ տվող հասարակ տավուշեցու ղադրը, մանավանդ որ հայրն էլ հենց մեր կողքին ու մեր կենցաղով է ապրում, իսկ այսօր էլի զարմանում ենք աշխարհի բանի ու կարգի մասին:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ իրար աչքալուսանք էինք տալիս, որ ներքին զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է մեր տավուշեցի «զեմլյակը», իսկ այսօր անգամ ամոթ ենք զգում, որ մեր «զեմլյակի» հրամանատարությամբ իր ենթակաները մեր երեխաներին գիշերով ծեծի են ենթարկում ու ձերբակալում:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ սեփական հրճվանքն ու ուրախությունը արտահայտելու համար մեր տեղացի վարչապետի արձանն էինք տեղադրում քաղաք մտնող ճանապարհին, իսկ այսօր արդեն զայրացած ու դառնացած ցանկանում ենք այն քանդել ու չենք կարողանում:

Այդ մենք էինք, որ դեռ երեկ տասնյակհազարներով քվեարկում ու պատգամավոր էինք ընտրում մեկին ընդամենն այն բանի համար, որ վարչապետի ազգանունն է կրում, իսկ այսօր արդեն փնտրում ու չենք գտնում, որ գա, իրեն ընտրած ժողովրդի կողքը կանգնի:

Այդ մենք ենք, որ այդպես էլ չենք ցանկանում տեսնել իրականությունը, երբ թույլատրելիի սահմանը կորցրած մարդը ուժեղի, կռվարարի ու անհաշտի համբավ ձեռք բերելու ու ուրիշներին վախեցնելու համար սկսում է նախ ծեծել սեփական կնոջն ու երեխաներին, որպեսզի ուրիշներն այդ լուրն առնեն ու վախենան իրենից:

Այդ ամենը հենց մենք ենք` հերոսի ու հակահերոսի իրական ու միակ քանդակագործներս:

Ու ամենակարևորը՝ այդ հենց մենք ենք` իջևանցիներս, որ համարձակություն ու տղամարդկություն ունենք ընդունելու սեփական սխալը ու դասեր առնելու մեր իսկ սխալից: Դա մեզ` ուժեղներիս է բնորոշ: