Չինաստանում ոսկորների վրա արված նկարներ են հայտնաբերել, որոնք 105-125 հազար տարեկան են


20:00 , 19 հուլիս, 2019

Չինացի հնագետները նկարներով պատված ոսկորների հատվածներ են հայտնաբերել, որոնք մոտավորապես 105-125 հազար տարեկան են: Antiquity պարբերականի տվյալներով՝ խոսքը ոսկորների մասին է, որոնց վրա գծեր են քերծված, դրանցից մասը ծածկված է օխրայով:

Գտածոները հայտնաբերվել են Չինաստանի Հենան նահանգի Լինչինի պալեոլիթի կայանատեղիի տարածքում: Կայանատեղին ուսումնասիրվում է 1965 թ.-ից, սակայն մինչ օրս բազմաթիվ անհայտ գտածոներ են հայտնաբերվում, օրինակ՝ երկու տարի առաջ այստեղ հայտնաբերվել են գիտությանն անհայտ հոմինիդ տեսակի գանգեր:

Նկարներով պատված ոսկորների մասին հոդվածի հեղինակը՝ գիտնական Չժանյան Լին, համոզված է, որ գծերն արվել են մտադրված, այսինքն՝ դրանք ինչ-որ բանի հետքեր չեն, օրինակ՝ որսի մսի բաժանման: