Վրաստանի նկատմամբ «գինու» պատժամիջոցների թեման փակ է. ՌԴ ԱԳՆ


13:40 , 19 հուլիս, 2019

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեման Մոսկվայի համար այս պահին փակ է, այդ թվում, գինու արտադրանքի վերաբերյալ: Ռուսաստանը, փոխնախարարի խոսքերով, փորձում է հնարավորինս զգույշ մոտենալ այլ երկրների նկատմամբ ցանկացած սահմանափակումային միջոցների ներդրման հարցին:

Կարասինը նշել է, որ ՌԴ պետդումայում, Թբիլիսիում հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին, իսկապես քննարկվել է վրացական գինիների և հանքային ջրի մատակարարման սահմանափակումների հարցը:

«Սակայն ՌԴ նախագահը կոչ արեց զսպվածություն ցուցաբերել և հանդես եկավ հօգուտ հավասարակշռված մոտեցման, միևնույն ժամանակ առաջնորդվելով մեր շահերով և, ինչպես նրա կողմից հատուկ նշվեց, վրացի ժողովրդի հանդեպ հարգանքով: Այսպիսով, Վրաստանի նկատմամբ «գինու» պատժամիջոցների հարցն այսօր փակված է»,- ասել է Կարասինը:

Փոխնախարարը նաև բացատրել է, որ հուլիսի 8-ից ուժի մեջ մտած Վրաստան ավիափոխադրումների արգելքի մասին ՌԴ նախագահի հրամանագիրը ժամանակավոր բնույթ է կրում: «Այն չեղյալ համարելու պայմանները հստակորեն նշված են՝ Վրաստանում տիրող իրավիճակի կայունացում, ռուսատյացության քարոզչության դադարեցում և մեր քաղաքացիների անվտանգության սպառնալիքների անհետացում»,- ասել է նա:

Կարասինը շեշտել է, որ Մոսկվան տրամադրված է երկկողմ հարաբերությունները կարգավորելուն: