Հարգելի Սերժ Թանկյան, քայլ արեք, եկեք Իջևան ու սովորեցրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին


14:06 , 19 հուլիս, 2019

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, 

Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են: Քանի որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (դա ես չեմ ասում, Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության իշխանությունն է ասում), ապա Իջևանի ժողովուրդը որոշել է, որ իրենք են՝ իրենց անտառը, ինչ ուզեն, կանեն: Իսկ ծագումով իջևանցի ժողովրդի վարչապետը և ծագումով իջևանցի ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարը դեմ են Իջևանի ժողովրդի որոշմանն ու մի լավ քոթակել են Իջևանում ապրող Հայաստանի ազատ, անկախ, հպարտ և, իհարկե, դուխով քաղաքացիներին:

Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել: Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք: Խնդրում ենք՝ կյանքի կոչեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եվ հաշվի առնելով Իջևանում ստեղծված աղետալի իրավիճակը՝ խիստ ցանկալի և օգտակար կլինի, որ բնակարանը գնեք հենց Իջևանում՝ ժողովրդի վարչապետի հայրական տան թաղամասում, ծանոթանաք բնակիչների սոցիալական խնդիրներին, անտառի ու բնության խնդիրներին: Հավատացեք, Ձեր հեղինակավոր խոսքը և հեղափոխական վարքագիծը հիմա Հայաստանում պահանջված են առավել, քան երբևէ: Քայլ արեք, եկեք Իջևան ու սովորեցրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին: