Փաշինյանն իր նպատակն է հռչակել օրինականության վերականգնումը, բայց չի կարողանում քայլ անել առանց օրենսդրության ոտնահարման


12:18 , 19 հուլիս, 2019

Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում նախ՝ հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմանել է, որ 2018-ի ապրիլին մերժեց Սերժին: Եվ երկրորդ՝ Փաշինյան Նիկոլին իր քաղաքականության իրականացման համար մնացել են միայն օրենքի և սահմանադրության կոպտագույն խախտումները: Այլ կերպ նա չի կարող, նա չունի այլընտրանք:

Օրինակ՝ վերցնենք Քոչարյանի գործը, որը նոր Հայաստանի իշխանության համար ռազմավարական նշանակություն ունի: Ակնհայտ է, որ Քոչարյանին դատապարտել գործող օրենսդրությամբ գրեթե անհնար է, հետևաբար, մնում է պղծել մի քանի օրենսգիրք: Կամ վերցնենք դատական համակարգի սեփականաշնորհման գործընթացը, որն օդի ու ջրի պես է հարկավոր Փաշինյանին: Դա նույնպես չի ստացվի օրենսդրության սահմաններում, դրա համար պետք է պարզապես պղծել գործող օրենսդրությունը: 

Նկատենք, որ առանց Քոչարյանի և քազմաքաղաքական էլիտայի այլ անդամների դատապարտման դատապարտված կլինեն Փաշինյանի պայմանավորվածություններն ամերիկացիների հետ, իսկ առանց անցումային արդարադատության, վեթինգի և ընդհանրապես դատական համակարգի պղծման կդատապարտվեն Փաշինյանի բոլոր նախագծերը:

Փաստորեն, գործ ունենք մի զավեշտակի իրավիճակի հետ. իշխանության է եկել մեկը, ով իր նպատակն է հռչակել երկրում օրինականության վերականգնումը, բայց այդ մեկը չի կարող քայլ անել առանց օրենսդրության ոտնահարման: Ինչո՞ւ: Որովհետև առողջ չեն Փաշինյան Նիկոլի քաղաքական նպատակները, որոնց մեծամասնությունը թելադրված է դրսից, այսինքն՝ հակասում է հայ ժողովրդի շահերին, այն դեպքում, երբ հայ ժողովրդի վարչապետ է իրեն համարում մեկը, որի ուշքն ու միտքը հայ ժողովրդի շահերի ոտնահարումն է սահմանադրականության պղծման գործով: Մնում է կռահել, թե երբ կավարտվի այս կրկեսը: Բնականաբար, Փաշինյան Նիկոլը չի նահանջի, մանավանդ որ նահանջի տեղ էլ չունի: Հետևաբար, նա համապատասխան ռեակցիա կառաջացնի հասարակության մոտ, որը կհրահրի նրա տապալումը: Մնում է գուշակել, թե երբ տեղի կունենա այդ տապալումը՝ դատական համակարգի վերջնական պղծումից հետո՞, թե՞ ժողովրդի վարչապետը չի հասցնի գործն այդ կետին հասցնել: 

Եվ փաստենք ամենակարևորը. Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը ողջունվեց ողջ Արևուտքի և տեղի լիբերալ հանրույթի կողմից: Բայց այս հեղափոխության շարունակականության համար անհրաժեշտ են հակասահմանադրական քայլեր, որոնք չեն ուզում ողջունել անգամ Արևմուտքում: Բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը: Սա է հարցը, որի պատասխանը նա էլ չունի: