Այսօր ես չեմ տեսնում ՀԱԿ կուսակցության որևէ գործչի, ում ձայն կտայի որպես նախագահի թեկնածուի 2018-ին


21:39 , 26 հունիս, 2013

Եթե 2013-ին Լ.Տեր-Պետրոսյանը տարիքի պատճառով է հրաժարվել նախագահի ընտրություններին մասնակցելուց, ուրեմն 2018-ին այդ պատճառն ավելի քան տեղին է լինելու: Այսօր ես չեմ տեսնում ՀԱԿ կուսակցության որևէ գործչի, ում ձայն կտայի որպես նախագահի թեկնածուի 2018-ին, և, անկեղծ ասած, չեմ տեսնում այն անձին, ով հինգ տարում կհասներ այդ մակարդակին: Սա մեկ: Երկրորդ, եթե հինգ տարի շարունակ Լ.Տեր-Պետրոսյանի ղեկավարած հզոր շարժումը առաջ էր տանում արտահերթ ընտրությունների գաղափարը, բայց չկարողացավ հասնել դրան, ապա ի՞նչ կարող է անել այդ հարցում շատ ավելի թույլ կուսակցությունը: Երրորդ, եթե ՀԱԿ-ը 2018-ին չի ունենալու սեփական թեկնածուն կամ ունենալու է թույլ թեկնածու, ապա որպես իրական ընդդիմադիր ուժ ինչո՞ւ չպետք է աջակցի այն ընդդիմադիր անձին/ուժին, որը կունենա լայն հանրային աջակցություն: Կա նաև չորրորդ տարբերակը՝ կրկին չմասնակցել ընտրություններին, բայց այդ դեպքում արդեն չեմ ընկալում կուսակցության՝ որպես քաղաքական ուժի գոյությունն ընդհանրապես: Ասվածը խնդրում եմ գնահատել ոչ որպես Նիկոլ Փաշինյանի պաշտպանություն՝ վերջինս բոլորից ավելի լավ կարող է պաշտպանել իրեն, այլ գնահատել որպես հարցեր, որոնք վաղ թե ուշ կանգնելու են ընդդիմադիր ուժերի առջև: