«Փաստ». Հնձում եք այն, ինչ ցանել եք, կլինե՞ն նոր «իջևաններ»


10:40 , 19 հուլիս, 2019

«Իջևանում հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստի­կանության միջև: Այն, ըստ էության, բացառիկ իրադարձություն է, քանի որ ցուցարարները ներկայացրել են ըստ էության անօրինական (իրենց կարծիքով` տրամաբանական) պա­հանջներ և վստահ են եղել որ միջպետական ճանապարհը փակելով` հասնելու են իրենց պահանջների իրականացմանը: Բողոքի ակ­ցիա էին կազմակերպել անտառներում ապօ­րինի հատումներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ, նրանց ուզածն այն էր, որ թույլ տան իրենց անտառահատումներ իրականաց­նել: Ոստիկանության հորդորներին` բացել ճա­նապարհը, նրանք չէին ենթարկվել մթնոլորտը շիկացել էր այն աստիճան, որ ցուցարարները սկսել են քարեր և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տասնյակից ավելի ոստիկաններ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդա­նոց: Կան ձերբակալվածներ:

Իհարկե, այս դեպքի առնչությամբ շտապե­ցին հայտարարություններով հանդես գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկա­նապետ Վալերիյ Օսիպյանը: «Իջևանում ան­թույլատրելի զարգացումներ են տեղի ունե­ցել: Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազ­դեցության», - ասել է Փաշինյանը:

Ոստիկա­նապետն իր հերթին վստահեցրել է, որ կա­տարվածի բոլոր մեղավորները պատժվելու են: «Մենք հանդուրժող չենք լինելու: Երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել ոչնչացնել անտառները, զբաղվել են անտա­ռի առուվաճառքով», - հայտարարեց ոստի­կանապետը հավելելով, որ թույլ չեն տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ ու ավելին՝ թելադրեն, թե ինչ անել: Բայց ամ­բողջ խնդիրը հենց այն է, որ գործող իշխա­նության կողմից արդեն իսկ թույլ է տրվել այդ ամենը: Զավեշտալի է կայացած փաստից հե­տո պնդել, որ նման բաներ թույլ չեն տալու: Խնդիրն իրականում շատ խորքային է և առնչվում է պետության հիմքերին: Որտեղից քաղաքացիներին այդ «դուխի» նման կերպ վերաբերվելու պետության ներկայացուցիչներին:

Որտեղի՞ց է գալիս այն համոզումը, որ փողոց փակելով կարելի է հասնել սեփական նպատակների իրականացմանը: Այս հարցերին դժվար չէ պատասխանել: Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցու­ցարարները: Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը, փողոցներ փա­կելը, պետական հաստատություններ ներ­խուժելը, հետո արդեն դատարանների դռներ փակելը մի՞թե օրինական են: Ոչ, իհարկե: Այս­տեղ տարբերությունը դրված նպատակներն են, պահանջների օրինական լինել կամ չլինե­լը, ինչպես պնդում է անձամբ Փաշինյանը: Մի դեպքում պահանջը իշխանաւիոխությունն է, մյուս դեպքում՝ ենթադրենք՝ «թողեք ծառ կտրենք կամ ձուկ բռնենք»: Իհարկե, կա նաև մեթոդաբանական տարբերություն, թավշյա հեղափոխության պարագայում քարեր չէին նետում: Բայց ինչ եք կարծում, եթե ոստիկա­նությունը հեղափոխության օրերին ստանար կոշտ հրահանգ ցրել ցույցերն ու բացել փո­ղոցները, կլինեին բախումներ, թե ոչ: Անխու­սափելիորեն կլինեին:

Ըստ այդմ, Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է: Եվ որքան Փաշինյանի կառավարու­թյունը դանդաղում է կոնկրետ արդյունքներ ցույց տալ, որ քաղաքացիների կյանքի որա­կի հետ կապված փոփոխությունը շոշափելի լինի, այնքան նման ցույցերն ու բախումները դառնալու են հաճախակի: Անկասկած «իջև­աններ» դեռ շատ են լինելու, եթե ամեն ինչ այս տեմպերով գնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: