Ինչպես են վիետնամցի դպրոցականները հասնում դպրոց՝ հաղթահարելով հորդ գետերն ու սայթաքուն ճանապարհները


22:45 , 19 հուլիս, 2019

Հիշելով մանկությունը՝ հիշում ենք նաև, որ հաճախ ցանկություն չէինք ունենում դպրոց հաճախելու, հատկապես եթե դրսում մռայլ եղանակ էր ու անձրև։ Վիետնամի շրջաններից մեկում բնակվող երեխաների համար այս իրավիճակը առօրյա բնույթ ունի. նրանք ամեն օր ջանում են դպրոց հասնել ողջ ու անվնաս, քանի որ դեպի դպրոց տանղ ճանապարհն իրական փորձություն է նրանց համար։

Վիետնամի Դիեն-Բիեն շրջանի երեխաներն ապրում են լեռնային տարածքում, որտեղ ոչ բոլոր ճանապարհներն են նորոգված, և ոչ բոլոր գետերի վրա կամուրջներ կան։ Նույն իրավիճակն է նաև Հուոյ-Հա գյուղում, որտեղից մոտակա դպրոց հասնելու համար հարկավոր է անցնել լեռների միջով անցնող, 15 կմ երկարություն ունեցող սայթաքուն ճանապարհը։ Այս ճանապարհով անցնելը դպրոցականներից խլում է 5 ժամ, և այն սկսվում է հորդ գետակով, որի վրա կամուրջ չկա։

Գյուղում բնակվում է ավելի քան 50 դպրոցական՝ տարբեր տարիքային խմբերի պատկանող, և նրանցից ոչ ոք ի զորու չէ գետի հոսանքի դեմ պայքարելու։ Գյուղի բնակիչները սեփական ուժերով կազմակերպել են երեխաների անցումը գետի մի ափից մյուսը, սակայն միանգամից գետով անցկացնել հնարավոր է միայն 1-2 երեխայի և ոչ ավելի։ Ընթացքը դանդաղում է անձրևային եղանակներին, երբ գետը առավել խոշոր ու ուժգին է դառնում։ Հաշվի առնելով դպրոցականների թիվը՝ բոլորին մի ափից մյուսն անցկացնելը բավականին երկար ժամանակ է պահանջում։ Երեխաներին տեղափոխում են պլաստիկե պարկերի մեջ փաթաթած։

Երեխաներին վախեցնում է նման վտանգավոր եղանակով տեղափոխվելը, սակայն նրանք պետք է ընտրեն՝ կա՛մ ռիսկի գնալ և ստանալ կրթություն, կա՛մ ողջ կյանքն անցկացնել անգրագիտության ու աղքատության մեջ՝ առանց պայծառ ապագա ունենալու հույսերի։

Գյուղապետ Վո Ա Գիոնգն ասում է. «Սյժմ գետի հոսանքը չափազանց վտանգավոր է, և իմ հարազատներն անձամբ են օգնում երեխաներին անցկացնել մի ափից մյուսը սեփական ձեռքերով։ Հուսով եմ, որ մեր պետությունը գումար  կներդնի և կամուրջներ կկառուցի, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել»։

Դպրոցի տնօրեն տիկին Նգուեն Տի Տույը ևս անհանգստացած է իրավիճակից. ուսուցիչների և ծնողների հետ միասին նա օգնում է ամեն օր տեղափոխել երեխաներին։

Իրավիճակի վերաբերյալ Վիետնամի հեռուստատեսությունը լրատվական սյուժե է նկարահանել։ Նրանք պատրաստել են տեսանյութ, թե ինչպես են երեխաները նստում պլաստիկե պարկերի մեջ, անցնում հորդ գետով և սայթաքուն ճանապարհներով։ Դրանից հետո տրանսպորտի նախարար Նգուեն Վան Տեն հայտնել է, որ պատրաստվում է միջոցներ տրամադրել հեռավոր շրջաններում ճանապարհաշինության համար։