Պետությունը պետք է խստորեն ճնշի Իջևանի ցույցերը. ապօրինի անտառահատման առաջին իսկ փորձի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն. Հայկ Մարտիրոսյան (Video)


23:10 , 18 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ապօրինի անտառահատման առաջին իսկ փորձի համար պետք է սահմանվի քրեական պատասխանատվություն: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ hուլիսի 17-ի երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի զեկույցից հասկացանք, որ ապօրինի անտառահատման երկրորդ փորձն է այսօր քրեականացվում, որը շատ սխալ երևույթ է: Եթե դու ուզում ես աղետալի մասշտաբների հասնող հանցագործությունը կասեցնել, դու պետք է քրեականացնես առաջին իսկ ծառի հատումը, ինչպես դա անում են աշխարհի մի շարք երկրներ»:

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում այս հարցը բարձիթողի վիճակում է. «Մենք նաև ականատես եղանք Իջևանի դեպքերին, որ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ: Պետության ամենաթողության և ապակառավարման արդյունք է, որ իրավիճակը հասել է նրան, որ բախում է լինում ոստիկանների և, ըստ էության, հանցագործության մեջ մեղադրվող անձանց միջև, որոնք ծեծում են ոստիկաններին և պետությանը մարտահրավեր են նետում ու պահանջում են իրենց ապօրինությունն օրինականացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ