Մի տղայի պատմություն


20:35 , 26 հունիս, 2013

19-րդ դարի սկզբին շոտլանդացի մի ֆերմեր վերադառնում էր տուն և անցնում էր ճահճուտի մոտով, երբ հանկարծակի լսեց օգնություն աղերսող ճիչեր: Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ, որ մի տղա հեսա ուր որ է կխորտակվի ճահճի մեջ և փորձում է դուրս գալ քաշող ցեխի միջից, բայց նրա ամեն շարժումը ավելի խորն էր ընկղմում նրան մահաբեր ու գարշահոտ այդ զանգվածի մեջ: Տղան գոռում էր հուսահատությունից ու վախից, և ֆերմերն արագորեն մի ճյուղ պոկեց ծառից ու մոտենալով տղային` փայտի ծայրը ձգեց դեպի նա: Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց դուրս քաշել տղային մահվան ճիրաններից: Տղան երկար չէր կարողանում զսպեր իր արցունքները և անընդհատ դողում էր, բայց կարևորը՝ նա փրկված էր:

- Արի քեզ տանեմ իմ տուն, - առաջարկեց տղային ֆերմերը, - քեզ հանգստանալ ու տաքանալ է պետք:
- Ոչ-ոչ, - ասաց տղան, - ինձ հայրս է սպասում և հիմա երևի շատ է անհանգստացել:
Եվ երախտագիտությամբ լի հայացք նետելով իրեն փրկողի վրա` տղան վազելով հեռացավ:
Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տան մոտ կանգ առավ հարուստ զարդարված մի կառք և կառքից դուրս եկավ մի հարուստ ջենթլմեն և հարցրեց.
- Այդ դո՞ւ ես երեկ փրկել որդուս կյանքը:
- Այո, դա ես էի, - պատասխանեց ֆերմերը:

- Ինչքա՞ն գումար եմ ես ձեզ պարտք:

- Մի վրավորեք ինձ, պարոն: Դուք ինձ ոչինչ էլ պարտք չեք, քանի որ ես վարվել եմ այնպես, ինչպես կվարվեր ցանկացած նորմալ մարդ:

- Ոչ, ես չեմ կարող սա այսպես թողնել, որովհետև իմ որդին շատ թանկ է ինձ համար: Ուզեք ինձանից ցանկացած գումար, - պնդում էր հարուստ ջենթլմենը: 

- Ես այլևս չեմ ուզում շարունակել այս թեման: Ցտեսություն, - ասաց ֆերմերը և արդեն շրջվում էր, որ հեռանար, երբ դռնից դուրս ցատկեց նրա որդին:
- Սա Ձե՞ր զավակն է, - հարցրեց հարուստը:
- Այո, - հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով որդուն:
- Եկեք այսպես վարվենք. ես կվերցնեմ ձեր որդուն ինձ հետ ու կտանեմ Լոնդոն, որտեղ կվճարեմ նրա ուսման վարձերը: Եթե նա նույնքան ազնիվ ու պարկեշտ մարդ դուրս եկավ, ինչպիսին իր հայրն է, ապա ո՛չ մենք, ո՛չ դուք չենք զղջա այս որոշման համար:
Անցավ մի քանի տարի, և ֆերմերի որդին ավարտեց դպրոցը, իսկ հետո նաև բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը դարձավ հանրահայտ՝ որպես պենիցիլինը հայտնագործող հանճարի: Նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմմինգ:

 

Առաջին աշխարհամարտից անմիջապես առաջ Լոնդոնի հարուստների համար նախատեսված հիվանդանոցներից մեկում հայտնվեց նույն այն հարուստի որդին, ում փրկել էր Ֆլեմմինգի հայրը: Երիտասարդի մոտ ծայրաստիճան ծանր վիճակ էր՝ թոքերի բորբոքման պատճառով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը փրկեց այս երիտասարդին: Այո, նույն Ֆլեմմինգի հայտնագործած պենիցիլինը:
Իսկ գիտե՞ք` ինչ էր Ֆլեմմինգի ուսման վարձը տված հարուստ ջենթլմենի անունը... Ռանդոլֆ Չերչիլ, իսկ նրա որդու անունը, ում երկու անգամ փրկեցին Ֆլեմմինգները, Ուինսթոն Չերչիլ էր, ով հետագայում դարձավ Միացյալ Թագավորության վարչապետը:
Չերչիլը սիրում էր կրկնել. «Մարդու արածը միշտ էլ վերադառնում է իրեն»: