20:11 , 26 հունիս, 2013Համաձայն UNESCO-ի տվյալների` համաշխարհային օվկիանոսի հատակին գտնվում են մոտ 3 միլիոն նավեր, որոնք խորտակվել են տարբեր նավաբեկությունների ու պատերազմների արդյունքում: Միջազգային իրավունքի համաձայն` նավաբեկության ենթարկված նավը շարունակում է մնալ այն երկրի օրենսդրության շրջանակներում, որին այն պատկանել է:
Հաշվարկված է, որ այդ բոլոր նավերը ծովի հատակից հանելու համար անհրաժեշտ կլինի մոտ 400 տարվա տքնաջան աշխատանք, բայց դրանցում պահպանվող գանձերի ընդհանուր արժեքը 100-ավոր միլիարդ դոլարներ է կազմում: Զարմանալի չէ, որ այդ գանձերը դեպի իրենց են ձգում տասնյակ ստորջրյա հնէաբանների և գանձերի որսորդների:

Ք.Ա. 1200-900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այժմյան Անգլիայի Դեվոն քաղաքի ափամերձ գոտուց բաց ծով դուրս եկավ մի նավ: Այդ նավի խորտակվելու պահին Բաբելոնը դեռ ծաղկուն պետություն էր, Շամիրամի կախովի այգիները դեռ չէին կառուցվել, իսկ Բուդդայի ծնվելուն դեռ դարեր կային: Այս նավի խորտակման վայրը հայտնաբերելու մասին հայտարարվեց 2010 թվականին. սիրողական հնէաբանությամբ զբաղվող ջրասուզորդների մի խմբի հաջողվել էր 90 կիլոգրամ ընդհանուր կշռով 300 կտոր հնէաբանական արժեք ներկայացնող իրեր հանել ծովի հատակից՝ պղնձյա իրեր, զենքեր, թանկարժեք զարդեր:
Այս հայտնագործությունը գուցեև ամենաթանկարժեքը չէր զուտ ֆինանսական տեսակետից, բայց շնորհիվ դրա հնարավոր եղավ ապացուցել, որ դեռևս Բրոնզի դարում գոյություն ուներ ծովային առևտուր բրիտանական կղզիների ու մայրցամաքային Եվրոպայի միջև: Օքսֆորդի համալսարանի գիտնականները շարունակում են տնտղել տեղանքը, որպեսզի ինչ-որ այլ դետալներ գտնեն, բայց մինչ օրս խորտակված նավի ոչ մի կտոր չի գտնվել:

Բելիտունգյան նավաբեկությունը նշանավոր է նաև նրանով, որ հետագայում այն դարձավ հայտնաբերված և ուսումնասիրված խորտակված արաբական նավը: Նավը հայտնաբերել էր մի սովորական ձկնորս՝ Ինդոնեզիայի ափերից ոչ այնքան հեռու 1998 թվականին: Նավի մեջ հայտնաբերել էին երբևէ հայտնաբերված Թանգ արքայատոհմին պատկանող գանձերի ամենախոշոր խմբաքանակը` թանկարժեք մետաղներից պատրաստված սպասքեղեն, թանկարժեք քարեր, ոսկյա և արծաթյա սալիկներ, որոնց ընդհանուր արժեքը 80 միլիոն դոլար էր: Նավը բարձրացրեցին ծովի հատակից, և Սինգապուրի իշխանությունները նվիրեցին այն Սինգապուրի Զբոսաշրջության նախարարությանը:

Կենտրոնական Ամերիկա նավը, որը տեղափոխում էր 15 տոննա ոսկի, խորտակվեց 1857 թվականի սեպտեմբերին՝ փոթորկի արդյունքում: Այս նավաբեկությունը պատճառ հանդիսացավ այսպես կոչված «1857 թվականի խուճապին», որը հանգեցրեց առաջին համաշխարհային ճգնաժամին: Նավը հայտնաբերեցին և մասամբ ջրի երես բարձրացրեցին 1987 թվականին, և միանգամից 39 ապահովագարական ընկերություն հայտարարեց իրենց իրավունքների մասին՝ նավախիլում մնացած ոսկու սեփականության մասով, որովհետև այս ընկերությունները ստիպված էին դեռ 19-րդ դարում իրենց միջոցներից կոմպենսացնել նավաբեկության պատճառով կրված վնասները: Երկար տևած դատական քաշքշուկներից հետո գանձեր հայտնաբերող թիմը ստիպված էր ձեռք քաշել հայտնաբերված ոսկու 92 տոկոսից, իսկ ընդհանուր արժեքը գտածոյի 150 միլիոն դոլար էր:
Ուշագրավ էր, որ նավաբեկության վայրում հայտնաբերված ոսկյա սալիկներից մեկն այնքան խոշոր էր, որ վաճառվեց 8 միլիոն դոլարով, ինչը բավականին երկար ժամանակ համաշխարհային ռեկորդ էր համարվում:

Հեռավոր 1900 թվականին սուզակները հայտնաբերեցին մի խորտակված նավ՝ Անտիկիտերա կղզու առափնյա ջրերում: Հունաստանի Հնէաբանական ծառայությունը էկսպեդիցիա կազմակերպեց, և դրանից կարճ ժամանակ անց այն վերածվեց մինչ այդ եղած ամենախոշոր ստորջրյա էկսպեդիցիայի: Եվս մեկ էկսպեդիցիա կազմակերպվեց 1976 թվականին, որի արդյունքում ծովի հատակից բարձրացվեց նավի մեծ մասը: Դրանում հայտնաբերված լեգենդար Անիկիթերյան մեխանիզմը հռչակվեց որպես հնագույն համակարգիչ, և աղմուկն այնքան բարձր էր, որ շատերն այդպես էլ չիմացան հայտնաբերված մնացած գանձերի մասին, որոնց գումարային արժեքը մոտ 160 միլիոն դոլարի էր հավասար:
Երկու էքսպեդիցիաների արդյունքում հայտնաբերվել էին բազմաթիվ մետաղադրամներ, զարդեր, ապակեղեն, խեցեղեն, հոյակերտ արձաններ և անգամ կապարե մահճակալներ: Ամենալավ պահպանված բրոնզաձույլ արձանը, որը դուք տեսնում եք նկարում, պատրաստվել է Ք.Ա. 340-330 թվականներին, իսկ հայտնաբերված գանձերից շատերը ցուցադրվում են Հունաստանի Ազգային հնէաբանական թանգարանում:

S.S. Republic անունը կրող նավը խորտակվել է 1865 թվականին՝ փոթորկի մեջ ընկնելով: Նավաբեկության պահին նավի մեջ այն ժամանակվա փոխարժեքով 51000 դոլար գումար կար՝ արծաթյա և ոսկյա մետաղադրամներով: Նավը հայտնաբերելուց ու ջրի երես բարձրացնելուց հետո հայտնաբերվեցին մետաղադրամները, ինչպես նաև 14.000 կտոր այլ գտածոներ՝ շշերով խմիչքներ, զարդեր և այլն: Արդյունքում, գտածոյի ընդհանուր արժեքը մոտ 180 միլիոն դոլար գնահատվեց, և ողջ գումարը 2004 թվականի դատական որոշումով գնաց «Odyssey» ընկերությանը, որը ինքն էր փնտրել, հայտնաբերել և ծովի հատակից բարձրացրել այդ ողջ հարստությունը:

Աշխարհի խոշորագույն ստորջրյա ադամանդահանությամբ զբաղվող «De Beers» ընկերության երկրաբանները ապշած էին, երբ հայտնաբերեցին ծովափում ավազների մեջ թաղված մի խորտակված նավ: Մի քանի մետր փորելուց հետո նրանք կանչեցին հնէաբանների, և այս իրադարձությունը դարձավ նրանց բոլորի կյանքի ամենամեծ հայտնաբերված գանձը: Նրանց հայտնաբերած նավը ոչ միայն ամենահինն էր, որ հայտնաբերվել էր Աֆրիկայի ափերին, այլև ամենահարուստ բեռնվածը. ընդհանուր առմամբ հայտնաբերվել էին 6 թնդանոթներ, 22 տոննա թանկարժեք մետաղների սալիկներ, Ժոաո 63-րդ արքայի ժամանակաշրջանի հազարավոր մետաղադրամներ, 50 փղի ժանիքներ: Այս ամենի ընդհանուր արժեքը մինչ օրս էլ հստակ չեն հաշվարկել, հայտնի է միայն, որ հայտնաբերված նավը Բոմ Ջեսուսն էր, որը ծով էր դուրս եկել 1533 թվականին ու անհայտացել էր Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ:

«Gairsoppa» անունը կրող նավը խորտակվեց 1941 թվականին, այն բանից հետո, երբ գերմանական սուզանավը տորպեդահարեց այն: Նավը տեղափոխում էր 7 միլիոն ունցիա մաքուր արծաթ, որ այդ ժամանակվա փոխարժեքով կազմում էր 600.000 ֆունտ սթերլինգ, իսկ մերօրյա արժեքը՝ 200.000.000 դոլար:
2010 թվականին մեզ արդեն հայտնի «Odyssey» ընկերությունը շահեց այս գանձի հայտնաբերման տենդերը և Միացյալ Թագավորության կառավարության հետ պայմանագիր կնքեց, որով նա իր վրա էր վերցնում բոլոր ռիսկերը, բայց գանձը հայտնաբերելու դեպքում իրեն էր մնում գտածի 80 տոկոսը:
1 տարի անց խորտակված նավը հայտնաբերվեց Հյուսիսային Ատլանտիկայում՝ 4,6 կիլոմետր խորության վրա: «Odyssey» ընկերությանը հաջողվեց օվկիանոսի հատակից բարձրացնել 48 տոննա արծաթ, որը կազմում էր ընդհանուր բեռի 43 տոկոսը, բայց ստիպված էր դադարեցնել աշխատանքը՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Մնացած բեռը բարձրացվեց մյուս սեզոնին, իսկ ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ծովի հատակից բարձրացված մեծածավալ մետաղյա բեռի անվանակարգում:

Վայդահ անունը կրող նավը նշանավոր կարելի է համարել արդեն իսկ այն բանի համար, որ այն երբևէ հայտնաբերված ծովահենների միակ նավն է: Այս նավն ավելի նշանակալից է դարձնում այն հանգամանքը, որ այն եղել է լեգենդար ծովահեն «Սև Սեմ» Բելլամու ֆլագմենը: Այն հայտնաբերել է Բարրի Քլիֆֆորդը՝ 1984 թվականին՝ երկարամյա փնտրտուքներից հետո, իսկ դրա մեջ պահված գանձերը մինչ օրս են գտնում: Ավելի քան 200.000 կտոր գտածո է մինչ օրս ջրի երես բաձրացվել, այդ թվում թանկարժեք մետաղադրամներ, թնդանոթներ, թանկարժեք քարեր և այլն: 2007 թվականից բուն նավը, որը բարձրացվել է ծովի հատակից, ծառայում է որպես ճանապարհորդական ցուցահանդես National Geographic Societ-ի կողմից և մեծ փառք վայելում:

Nuestra Señora de Atocha տեղափոխում էր թանկարժեք քարեր, արծաթ, ոսկի և պղինձ, երբ այն խորտակվեց Ֆլորիդայի ափերի մոտ՝ 1622 թվականին: Այս լեգենդար նավի վրա այնքան շատ գանձեր կային, որ դրանք ամբողջովին բեռնելու համար պահանջվել էր 2 ամիս: Չնայած նրան, որ իսպանացիները բազմիցս էին փորձել գտնել խորտակված նավը, բայց դա նրանց չէր հաջողվել, իսկ 17-ամյա Մել Իֆիշերին դա հաջողվեց, ու հաջողվեց դա 1985 թվականին…
Մինչ օրս խորտակման հավանական վայրը շարունակում են մանրամասն հետազոտել, որովհետև ընդհանուր 450 միլիոն դոլարի արժեք ունեցող բեռի միայն փոքր մասն էր հայտնաբերել 17-ամյա պատանին, իսկ ամենաթանկարժեք ու նշանակալից գտածոները մինչ օրս էլ ծովի հատակին են:

Կես միլիարդ դոլար, 500 միլիոն դոլար… Պատկերացնո՞ւմ եք այս հսկայական թիվը:
2007 թվականին նորից աչքի ընկավ «Odyssey Marine Exploraton» ընկերությունը, որը իրոք աննախադեպ թանկարժեք գանձեր գտավ՝ 17 տոննա մետաղադրամների տեսքով, որոնց ընդհանուր արժեքը, ինչպես հետագայում պարզվեց, կազմում էր կես միլիարդ ամերիկյան դոլար: Սակայն ընկերությունը համառորեն գաղտնի էր պահում ինչպես նավաբեկության վայրը ու նավի պատկանելությունը, այնպես էլ մետաղադրամների ծագումն ու ժամանակագրությունը:
2008 թվականին Իսպանիայի պահանջով ամերիկյան դատարանը կարգադրեց բացահայտել այս տվյալները, քանի որ Իսպանիան պնդում էր, որ հայտնաբերված նավը իրեն պատկանող Nuestra Señora de las Mercedes ֆրեգատն է, որը խորտակել էին անգլիացիները դեռևս 1804 թվականին: Ինչպես և պնդում էին իսպանացիները, նավն իրոք իսպանական էր և հենց Nuestra Señora de las Mercedes-ն էր, սակայն Իսպանիայից 5 տարի պահանջվեց, որպեսզի բազմաթիվ դատերից հետո կարողանա վերադարձնել իր հարստությունը: Կարծում եմ, որ իսպանացիք չեն համարում, որ այդքան ժամանակ են կորցրել 500 միլիոն դոլարի խաթեր ![]()