Իջևանում կատարվածի սառը և առանց էմոցիաների վերլուծությունը


15:37 , 18 հուլիս, 2019

Փորձեմ սառը և առանց էմոցիաների վերլուծել Իջևանում երեկ կատարվածը, որն ունի շատ խորը արմատներ՝ հասարակության դիմապատկերի որոշակի փոփոխությամբ պայմանավորված։

Միանշանակ ասեմ, որ, բնականաբար, և՛ բռնությունը, և՛ ծառահատումները խստորեն դատապարտում եմ, և դա որևէ կասկածի տակ պետք չի դնել։

Կարող եմ ենթադրել, որ փողոց դուրս եկած այս խիստ զայրացած մարդիկ ապօրինի ծառահատմամբ վաստակում են օրվա հացը, այլապես այսպիսի սուր հակազդեցություն չէր լինի, և այս դժգոհությունը, որ նրանց չեն թողնում հսկայական էկոլոգիական վնասի և օրենքի խախտման գնով տուն պահել, առաջին անգամը չէ։

Հարց՝ արդյո՞ք հնարավոր չէր նրանց հետ միասին, առաջին դժգոհությունների ալիքից հետո ընկած ժամանակաշրջանում, գտնել խելամիտ լուծումներ՝ առաջին հերթին՝ աշխատանքի թեկուզ ժամանակավոր ապահովում, ապա՝ իրականացնել Ազգային պարկի տնօրենի հետ (ում մականունը, զարմանալիորեն, ըստ շրջանառվող լուրերի, «Ծառ կտրող Սուրիկ» է) բացատրական խիստ աշխատանք, հերթապահության խստացում և օրենքի շրջանակներում խիստ նախազգուշացումներ՝ թե՛ ծառահատներին և թե՛ պատասխանատուներին, պետության և օրենքի ուժի առջև նրանց արարքի ռեալ պատկերի ու հնարավոր պատիժների ներկայացում։

Երկրորդ հարց՝ այդ ե՞րբ մենք հասանք ոստիկանության հանդեպ այսպիսի անբռնազբոս վերաբերմունքի, երբ ոստիկանի օրինական պահանջի պատասխանը բժշկական օգնության դիմած որոշ տվյալներով 25 ոստիկաններ են։

Նույն Եվրոպայում դժվարությամբ եմ պատկերացնում որևէ ժողովրդավար հասարակություն, որտեղ հնարավոր կլիներ նման բան։ Այստեղ, ինչպես և Հայաստանում, օրենքի ուժը հստակ գործողությունների հնարավորություն է տալիս, բայց այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, բոլորը դա գիտակցում են։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին, խոր, կշռադատված և առարկայական լուծումներ՝ իջևանցիներին։ Բոլորին։

Մինչև մենք ինքներս մեր մեջ չգնահատենք մեր կատարած ամեն մի գործողություն, դեպի զարգացած և համերաշխ հասարակություն մեր ճանապարհը երկար է լինելու։

Օրենքի առջև բոլորս ենք հավասար։