«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով, կնոջ, երեխու աչքի առաջ, նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում


12:22 , 18 հուլիս, 2019
Արդեն հայտնել էինք նախօրեին Իջևանում ոստիկանների և փայտի գործով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին, որի հետևանքով 12 ոստիկան էր վիրավորվել: Երեկվանից Իջևանում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները: Բնակչուհի Հայկուհի Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 10 հոգի «կարմիր բերետավորներ» գիշերը՝ 03:30-ին, ներխուժել են գրեթե բոլոր ցուցարարների բնակարաններ ու բերման ենթարկել նրանց. «Դարպասը ջարդելով, մեզ հրելով մտել են մեր տուն, տղաս է մոտեցել, հետո ամուսինս է իջել, ապա՝ մեծ տղաս։ Իրանց բոլորին կանդալել են իմ դեմն ու տարել բաժին: Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով, կնոջ, երեխու աչքի առաջ, նվաստացրած վիճակում,- ասաց կինը:- Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ոստիկաններն իրենք են սկսել, վիդեոները կան»,- հավելեց նա: