Զոհրաբ Մանացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ


22:30 , 17 հուլիս, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքէջի, Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ կատարեցին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: