Ի տարբերություն պետական իշխանության ցանկացած այլ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ հարգանքն անհամեմատ ավելի բարձր մակարդակի պետք է լինի


20:51 , 17 հուլիս, 2019

Հարգելի գործընկերներ,

Ի տարբերություն պետական իշխանության ցանկացած այլ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը և հարգանքն անհամեմատ ավելի բարձր մակարդակի պետք է լինի:

Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում, իսկ որևէ միջամտություն առհասարակ անթույլատրելի է: Նշված սկզբունքային կանոնից բացառությունները պետք է լինեն ոչ թե զուտ պատճառաբանված, այլ չափազանց պատճառաբանված և օրենքին համապատասխան:

Հանրությունը, առավել ևս՝ մասնագիտական համայնքը նման պատճառաբանություններին պետք է տեղեկանա, քանի որ հակառակ իրավիճակը վտանգելու է ոչ միայն դատավորների անկախությունը, այլ մեր երկրում իրավական անվտանգությունը:

ԶԼՄ-ների կողմից տարածվում է տեղեկատվություն առ այն, որ օպերատիվ գործողություններ են իրականացվում Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ:

Նախ՝ հուսով եմ, որ այն որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ նման նախադեպ, որքան որ տեղյակ եմ, ժամանակակից որևէ ժողովրդավարական երկրում տեղի չի ունեցել: Երկրորդ, եթե այն համապատասխանում է իրականությանը, պետք է տրամադրվեն բացառիկ, չափազանց հիմնավոր պատճառները՝ օրենքով սահմանված կարգի խստորեն պահպանմամբ դրանք նախաձեռնելու համար․ հակառակը ուղղակիորեն վկայելու է Սահմանադրական դատարանի գործունեությանը, Բարձր դատարանի դատավորների առնվազն անկախությանը, միջամտելու մասին, ինչն իր հերթին առաջացնելու է իրավական հետևանքներ:

Հուսանք՝ այս լուրերը պարզապես կհերքվեն և կորակվեն իրականությանը չհամապատասխանող: