14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան


19:50 , 17 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունը: Այս մասին «Ազատության» եթերում՝ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր ընտրությունից 14 ամիս է անցել, և այս ընթացքում որն է վարչապետի ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:

ՀՀ վարչապետն ասաց, որ իր քաղաքական գործունեությունը կանխորոշում է իր պատասխանը.«Իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է ու Հայաստանի ժողովրդավար իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը»:

Փաշինյանը նշեց, որ մայիսի 8-ին , երբ հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է 100 փաստ, որտեղ ներառված են եղել տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ և հիմա դրանք կրկնելու առիթ չի տեսնում:

«Ամենամեծն ու ամենաֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում: Ասեմ, որ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, իշխանությունը, այլև ընդդիմությունը, և մենք, անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ ընտրության քաղաքական բովանդակության հետ, շնորհավորել ենք, և հարգանքով ենք վերաբերվել: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք և հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության մեջ և այլ հարթություններում տեղի ունենա»:

Հարցին, թե Gallup ամերիկյան կենտրոնի հարցման համաձայն ՝ փաստորեն «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե ընտրություններ անցկացվեր հիմա, այս ցուցանիշը տասը տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքը, Փաշինյանն ասաց, որ ԱԺ ընտրություններից առաջ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացրել, և այդ ընտրություններից առաջ իրեն բերված հարցման արդյունքով կանխատեսվել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն է ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ