«Ինձ տրամադրել են ձայնագրություններն այն խոսակցությունների, երբ տնօրինությունն ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք….». Գևորգ Գորգիսյանը՝ իր դեմ ներկայացրած հայցի մասին


20:20 , 17 հուլիս, 2019

168.am-ը գրում է.

«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի:  Հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները,  հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

«Արմոս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը news.am-ին տեղեկացրել է, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։

Նշենք, որ Գորգիսյանն իր ելույթում դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել՝ նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,- հայտարարել էր պատգամավորը։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին:

168.am-ը զրուցեց նաև ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ, ով ներկայացրեց թեմայի մանրամասները.

«Ինձ դիմել էին մի քանի քաղաքացիներ՝  բողոքով, որ իրենց աշխատացրել են և չեն գրանցել, գումարը չեն տվել:  Ես այդ մասին դիմում ուղարկեցի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)՝ պահանջելով համապատասխան ստուգում իրականացնել՝ պարզելու այդ իրողությունը: ՊԵԿ-ից եկած պատասխանն ավելի շատ կասկածների տեղիք տվեց, որովհետև  գրել էին՝ համապատասխան  կազմակերպությունը փակվել է, չի գործում, այնտեղ նմանատիպ կազմակերպություն կար, որը գնացինք-ստուգեցինք, ամեն ինչ նորմալ էր, այսինքն՝ բացարձակ որևէ կերպ չէին ցանկացել անդրադառնալ: Եվ, ընդ որում, սեփականատերը, ով չէր տվել աշխատավարձերը և նաև հրաժարվել էր գրանցել, պնդել էր՝ ուր ուզում եք՝ գնացեք-բողոքեք, միևնույն է, ինձ ոչինչ չի լինելու: Վերջինին անդրադառնալով՝ ես հենց այդպիսի  հարցադրմամբ հարցն ուղղեցի Կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ որ արդյո՞ք հեղափոխությունից հետ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են նման պնդումներ անել,  քանի որ կան նման պնդում անողներ, և ՊԵԿ-ը փաստացի ոչինչ չի արել:  Հետո ՊԵԿ-ը սկսեց ավելի ակտիվ աշխատել այս ուղղությամբ:  Եվ ստացվեց այնպես, որ վարչապետ Փաշինյանին մոտ լրատվամիջոցը   հրապարակեց, որ պատրաստվում են կամ արդեն իսկ դատի են տվել նման  տեղեկությունների համար»:

Գ. Գորգիսյանը, սակայն, նշեց, որ ունի լուրջ հակափաստարկներ, նույնիսկ ձայնագրություններ.

«Ինձ  տրամադրել են ձայնագրություններն այն խոսակցությունների, երբ տնօրինությունն ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք, ինձ ոչինչ չի սպառնում այս երկրում, և այլն»: