«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակի անվանակարգերի ռեկորդ է սահմանել


20:20 , 17 հուլիս, 2019

«Գահերի խաղը» սերիալը ներառված է 2019-ի ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակի ռեկորդային 32 անվանակարգերում, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ հեռուստատեսային շոուն մրցելու է «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում հաղթանակի համար:

Բացի դրանից՝ մրցանակներ կարող են ստանալ նաև սերիալի դերասանները: «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի հնարավորություն ունի Քիթ Հարինգթոնը, որը հանդես է եկել Ջոն Սնոուի դերում: Իսկ «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ կարող է ստանալ Էմիլիա Քլարքը՝ Դեյեներիս Թարգարիենի դերի համար:

Նշվում է, որ հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին, երբ տեղի կունենա 71-րդ մրցանակաբաշխությունը: