Nestle-ն առանց շաքարի շոկոլադ կարտադրի


17:20 , 17 հուլիս, 2019

Nestle ընկերությունն առանց շաքարի օգտագործման շոկոլադ արտադրելու նոր տեխնոլոգիա է արտոնագրել, գրում է Bloomberg-ը:

Nestle-ն որոշել է շոկոլադին կակաոյի ունդերի սերմերի սպիտակ միջուկն ավելացնել: Արտադրության գործընթացում այն կմանրացվի և բնական շաքարին փոխարինող ֆրուկտոզա պարունակող փոշի կստացվի:

Nestle-ն առաջին արտադրողն է, որը որոշել է նման տեխնոլոգիա օգտագործել: Մինչև հիմա կակաոյի ունդերի սերմերի միջուկը հրուշակագործները թափել են որպես անպետքություն: Ընկերությունը որոշել է նորարարություն մտցնել արտադրությունում առողջ սննդի թրենդի պատճառով:

Ակնկալվում է, որ առանց շաքարի շոկոլադը վաճառքում կհայտնվի այս աշնանը: Առաջին երկիրը, որտեղ այն վաճառվելու է, կլինի Ճապոնիան: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հրաժարվել շաքարի օգտագործումից դեռևս չի հաջողվում. սկզբում դրա պարունակությունը կկրճատվի 40 տոկոսով: