ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարար Քեթրին Զափոնեի հետ:
Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար զգալի ներուժ կա, և հետաքրքրություն հայտնել համագործակցության համակողմանի զարգացմամբ: Այս առումով քննարկվել են միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, փոխգործակցության ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, տնտեսական օրակարգի ձևավորման և այլ հարցեր:
Քեթրին Զափոնեն նշել է, որ հաշվի առնելով իռլանդական մեծաքանակ սփյուռքին ներգրավելու գործում իրենց ունեցած հաջողությունները, Իռլանդիան պատրաստակամ է իր փորձով ու գիտելիքներով կիսվել հայաստանյան գործընկերների հետ:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է մարդկային կապերի զարգացումը և ընդգծել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը: