Երկիր, որն ունի իր Վատիկանը. բելգիական հեռուստաընկերությունը՝ Հայաստանի մասին (Video)


14:16 , 17 հուլիս, 2019

Բելգիական հանրային RTBF հեռուստաընկերությունն իր հաղորդումներից մեկում անդրադարձել է Հայաստանին («Carte postale de l՛Arménie avec Guillaume»)՝ խորհուրդ տալով ընտրության մեջ չկողմնորոշված զբոսաշրջիկներին ընտրել մեր երկիրը։

Հաղորդման հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ որպես հնագույն քաղաք՝ բիբլիական Արարատի ստորոտին, որը, չնայած գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում, սակայն մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար։

Զբոսաշրջիկներին է ներկայացվում «Կասկադ» ճարտարապետական համալիրը, որի հարևանությամբ գտնվում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը, Հանրապետության և Ազատության հրապարակները, պատմվում է հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի, Երևանի առաջին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մասին։

«Հայաստանը հոգևոր երկիր է, պետք է իմանալ, որ Հայաստանն է համարվում Հռոմից էլ վաղ առաջինը քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակած երկիրը։ Հայաստանն ունի նաև իր Վատիկանը»,- նշում է հաղորդման հեղինակը՝ պատմելով համայն հայության հոգևոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին։