Լուրջ ծաղրածու. շապիտոյի նպատակն է Հայաստանում շրջիկ կրկեսի ավանդույթ ստեղծել


17:57 , 26 հունիս, 2013

Լուրջ ծաղրածու. շապիտոյի նպատակն է Հայաստանում շրջիկ կրկեսի ավանդույթ  ստեղծելՇրջիկ կրկեսի գույնզգույն շապիտոն միանգամից տրամադրություն է բարձրացնում ու բազմաթիվ հարցեր առաջացնում: 

«Առաջին օրը, երբ եկանք ու շապիտոն էինք բարձրացնում, հարևան շենքերի բնակիչները մոտենում էին ու հարցնում, թե արդյոք գնչունե՞ր չենք,- ասում է շրջիկ կրկեսի գեղարվեստական ղեկավար Գևորգ Գրիգորյանը՝ ծաղրածու Գոշան: - Սա իմ մտահղացումն էր, ուզում էի, որ շրջիկ կրկեսին ճանաչեն նաև Հայաստանում: Այս մշակույթը պետք է զարգացնենք մեզանում, մարդիկ պետք է ընկալեն, թե ի՛նչ է շրջիկ կրկեսը, ինչո՞ւ հետ մնանք աշխարհից»:

Երևանում շապիտո-շրջիկ կրկեսը գտնվում է նախկին դելֆինարիումի տեղում` Կոմիտասի անվան զբոսայգու հարևանությամբ: Շրջիկ կրկեսի անիվները մինչև Երևան հասնելը անցել են Աբովյանով, Աշտարակով, Արտաշատով: 
«Արտաշատում մեկը մոտեցավ ու հարցնում է, թե սա ի՞նչ է, ասում ենք՝ կրկես, ու հնչում է հաջորդ հարցը. «Իբր ցիրկ ա, հա՞, հասկացանք, որ ցիրկ ա, բայց մեջը ի՞նչ ա լինելու»: Մեկ այլ տեղում էլ ասում են. «Ցիրկը քանդել են ու ձեզ քուչեքը քցել»: Զարմանալի չէ, Հայաստանում մարդիկ երբեք չեն տեսել շրջիկ կրկես»,- ասում է ծաղրածու Գոշան, ում կյանքի 30 տարիներն անցել են կրկեսում:
Գոշան արենայում է 14 տարեկանից, ավարտել է Մոսկվայի կրկեսի ակադեմիան, աշխատել «Սոյուզգոսցիրկ»-ում: Խորհրդային Միության փլուզումից հետո պայմանագրային հիմունքներով սկսում է աշխատել տարբեր կրկեսներում: Ծաղրածուի ուրախ ու տխուր աչքերով պատմում է, որ հայ հանդիսատեսի համար միայն մեկ ելույթ է ունեցել` 2008 թվականին` բարեգործական միջոցառման շրջանակներում: Ասում է՝ կրկեսը արվեստ է բոլորի համար:
«Դրսում հանդիսատեսի 70 տոկոսը մեծահասակներ են, երեխաների հետ գալիս ենք նրանք, ովքեր երեխային թողնելու տեղ չունեն կամ էլ որոշել են երեխային շնիկ ցույց տալ: Ինքս ծաղրածու եմ, բայց ամեն ինչ հաշվարկած է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Այն, որ կրկեսը միայն փոքրերի համար է, խորհրդային դեմագոգիկ ժառանգության մնացորդ է»,- ասում է նա և բացատրում, որ շապիտոն իտալերենից թարգմանաբար նշանակում է կրկեսավրան: Եվրոպայում շապիտոները գործում են 400 տարուց ավելի: 
Շապիտոյի հարևանությամբ էլ ապրում են դերասաններն ու կենդանիները՝ 3 արջ, 3 կապիկ, շնիկներ, սողուններ: Դերասանները հրավիրված են Ռուսաստանից, Ուկրաինայից, երկուսը Հայաստանից են: Երևանում կմնան մինչև սեպտեմբեր, արդեն իսկ խաղացել են հինգ ներկայացում: Շրջիկ կրկեսը հյուրընկալում է մինչև 800 հանդիսատեսի:
«Մեր միջոցներով ենք ամեն ինչ արել: «Պիեր Կարդեն» կոստյում չեմ առել, տվել եմ, որ այս կենդանիներն ու դերասանները գան, հասնեն այստեղ, ու կարևոր չէ՝ մենք հասույթ կստանա՞նք թե՞ ոչ, կարևորը՝ բարի գործ ենք անում մեր երեխեքի համար»,-ասում է նա:
Երևանից շրջիկ կրկեսը կուղևորվի Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Դիլիջան ու այսպես Հայաստանի բոլոր քաղաքներով, այնուհետև կմեկնի Ղարաբաղ: Ամանորյա տոների նախաշեմին կվերադառնա Երևան, այս անգամ արդեն՝ տոնական ծրագրով: Տոմսերի արժեքը 2000 դրամ է, մարզերում տոմսերն ավելի մատչելի կլինեն:
«Ծնողները 1000 դրամ են տալիս, երեխաների հեռախոսը լիցքավորում, տարվա մեջ մեկ անգամ չե՞ն կարող 2000 դրամ վճարել ու երեխային հաղորդակից դարձնել կրկեսի՞ն: Ռուսաստանում տոմսի արժեքը 10 դոլարին համարժեք է»,- ասում է Գևորգ Գրիգորյանը:
Շրջիկ կրկեսին տեղի թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն Գրիգորյանը դժգոհությամբ է խոսում մշակույթի նախարարության անտարբերության մասին:
«Իհարկե գիտեն, որ երկրում կրկես է շրջում, բայց մեկը մշակույթի նախարարությունից չի գալիս, չի հարցնում՝ ո՞վ եք, ի՞նչ լավ բան եք անում, եկեք գոնե ձեր ինֆորմացիոն հովանավորը լինենք: Մասսայական դարձնենք այս ամեն ինչը, լավություն եք արել, դերասան ու կենդանի եք բերել: Եթե երեխան գալիս է այսօր կրկես, լավ ներկայացում է տեսնում, վերջում ոտքի վրա ծափահարում, չէ՞ որ դա մեր շնորհիվ է այսօր, ու սա մշակույթ է»,- ասում է նա:
Երևանում առաջին ժամանակավոր փայտաշեն կրկեսը գործել է 1930-ական թվականներին, 1939 թվականին նրա տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1962-ին: Հենց այս շենքն էլ պայթեցվեց և հողին հավասարեցվեց անցյալ տարվա  սեպտեմբերի 8-ին: Կրկեսի նոր շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2014 թվականին: