«Թուրքական» գրաֆիտին զայրացրել է կոլումբիական Արմենիայի բնակիչներին


21:00 , 17 հուլիս, 2019

Արմենիան քաղաք է, որը գտնվում է Կոլումբիայում։ Այն Կինդիո նահանգի վարչական կենտրոնն է։ Այստեղ վերջերս գրաֆիտի է հայտնվել, որում պատկերված է Օսմանյան ժամանակաշրջանի թուրքական հանդերձանքով տղամարդ։ Այդ կերպարը, որը քաղաքի պատմության հետ ոչ մի ընդհանրություն չունի, վրդովվեցրել է տեղի բնակիչներին։

Գրաֆիտին հայտնվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը որոշել է կարգավորել մշակութային հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա քաղաքային խորհրդի մի քանի անդամի հետ Թուրքիա է այցելել։ Ուղևորությունը կայացել է Էրդողանի աշխատակազմի հրավերով, և դրա ընթացքում մասնակիցներին ներկայացրել են Հայոց ցեղասպանության «հակառակ կողմը»։ Չնայած որ կոլումբիական քաղաքը մեծ հաշվով կապված չէ Հայաստանի Հանրապետության հետ, քաղաքային խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայերի ցեղասպանությունը, ինչը դեռ չեն արել Կոլումբիան ու Թուրքիան։ Կոլումբիական Արմենիա քաղաքն իր անունը ստացել է 1880 թվականին մի կալվածքի անունով, որի տերերը եղել են Հարավային Ամերիկա եկած հայեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավատում է, որ Կոլումբոսից վաղ հայտնաբերել են մահմեդական ճանապարհորդները, և որ Եվրասիայի քարտեզի ընդարձակման հարցում իսլամական աշխարհի ունեցած մեծ դերը պետք է ճանաչվի ու գնահատվի, այդ պատճառով էլ նախագահը ներդրումներ է կատարում թուրքական մշակութային կենտրոններում, որոնք հիմնվում են տարածաշրջանի բարեկամ երկրներում։

Մի քանի տարի շարունակ Էրդողանը ցանկացել ու փորձել է Կուբայում մզկիթ հիմնել, սակայն կոմունիստական կառավարությունը մերժել է կրոնական կառույցի ստեղծման առաջարկը։ Այդժամ նախագահն ուշադրությունը սևեռել է Վենեսուելայի վրա, որտեղ նրա գաղափարը կիսում էր Մադուրոն։

Իհարկե, Թուրքիայի կառավարությունը երբեք բացահայտորեն չի կապել Էրդողանի այս գաղափարն ու Կոլումբիայի Արմենիա քաղաքի հետ հարաբերությունների հաստատումը։

Օրերս տեղի թերթերից մեկը հայտնել է, որ քաղաքի բնակիչները շփոթված են և անգամ վրդովված գրաֆիտիից, որը, ըստ նրանց, ոչ մի կապ չունի կոլումբիական Հայաստանի, նրա մշակույթի ու ժառանգության հետ։

«Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Արմենիան Թուրքիայի հետ։ Կարծում եմ, որ քաղաքային իշխանությունները նման կերպ պարզապես «վճարել են» իրենց ուղևորության համար»,- ասել է Արմենիայի բնակչուհիներից մեկը՝ նկատի ունենալով քաղաքապետի ու քաղաքային խորհրդի անդամների ուղևորությունը Թուրքիա։

«Մենք՝ Կինդիոյի բնակիչներս, շփոթված ենք և չենք հասկանում, թե ինչ կապ ունի գրաֆիտիում պատկերված սուլթանը մեր քաղաքի հետ։ Ի՞նչ է կատարվում։ Խնդրում ենք, որ քաղաքի կառավարմամբ զբաղվեն առավել լուրջ քաղաքական գործիչներ։ Սա պարզապես խայտառակություն է մեր մայրաքաղաքի համար»,- ասել է Արմենիայի ևս մեկ բնակիչ։

Քաղաքային խորհրդի ղեկավարն իր հերթին նշել է, որ գրաֆիտին Թուրքիայի հետ մշակութային փոխանակման մի մասն է կազմում։ Այդ փոխանակումը երկկողմանի է և ունի բիզնեսային ու զբոսաշրջային նպատակներ։

El Tiempo թերթում նշվում է, որ խորհուրդը ոչ միայն Թուրքիային տարբեր տեսակի մշակութային «ծառայություններ» է մատուցում, այլև քննարկում է 2014 թ. դեկլարացիայի փոփոխություններ կատարելու հարցը։ Այդ դեկլարացիայում խոսվում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ընդունման մասին։

Քաղաքային խորհրդի անդամներից առնվազն մեկը՝ Լուիս Գիլիերմո Ագուդելոն, հավանության չի արժանացրել գործընկերների այցը Թուրքիա՝ այն անվանելով «անկարևոր» և «քաղաքին օգուտ չբերող»։

«Անկախ այն բանից, թե հայոց ցեղասպանությունն իրականացվել է թուրքական կառավարության կողմից, թե Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք է եղել, այս բոլոր քննարկումները քաղաքին ոչ մի օգուտ չեն բերելու»,- կարծում է Ագուդելոն։

El Tiempo-ի հետ հարցազրույցում նա թուրքական գրաֆիտին անվանել է «անհեթեթություն». «Այն գտնվում է հանրային կառույցի վրա, որտեղ պատկերասրահ է գտնվում, իսկ այժմ կառույցի «անհատականությունը» կարծես փոխված լինի»։

Հնարավոր է՝ Թուրքիայի հետաքրքրությունը Կոլումբիայի նկատմամբ «արտահոսել է» Վենեսուելայից, որտեղ 2017 թ. Էրդողանը հայտարարեց մզկիթի կառուցման և Կարակասում թուրքական մշակութային կենտրոնի բացման մասին։