Մարտակերտի ազատագրման 20-ամյա տարեդարձին ընդառաջ


16:32 , 26 հունիս, 2013

Ներիր, Ալվինա:

Ալվինա, քո գեղեցիկ ու բովանդակալից դասերի մասին արդեն լավ իմանում էին Լենինավանում, Մարաղայում, հարևան գյուղերում, Մարտակերտի շրջժողկրթբաժնում: Ես էլ գիտեի, որ քիմիայի և կենսաբանության դասավանդման գործում շատ լուրջ հաջողություններ ես ձեռք բերել, մարզային օլիմպիադա ուղարկած քո բոլոր սաները մրցանակային տեղեր էին գրավում, գովասանագրեր ստանում: Ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց քո վերջին բաց դասը Լենինավանի դպրոցում: Դպրոցի տնօրեն Լենա Գյուրջյանը դասին մասնակից էր արել բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես ես աշակերտներին տալիս ամենօրյա կյանքում կիրառվող գիտելիքներ: Բաց դասին դա քեզ հաջողվեց. սաներդ սովորեցին գյուղի տարածքում օգտագործվող մշակովի և վայրի բույսերի բազմացման եղանակները: Բաց դասի բոլոր մասնակիցները միաձայն որոշեցին դասը գնահատել գերազանց:

Շուտով սկսվեց անողոք պատերազմը, և ես չկարողացա ժամանակին ընդհանրացնել քո` գեղեցիկ և արդյունավետ դաս կառուցելու առաջավոր փորձը: Ներիր ինձ, Ալվինա, որ ես այդ մասին խոսում եմ քո ... մահից հետո: Քո մահվան մասին ես նոր եմ իմացել, դա ինձ պատմել է ձեր դպրոցի ուսմասվարը` վաղամեռիկ Մակիչ Ասրյանը. «Ադրբեջանցի հրոսակախմբերը գյուղ ներխուժելուց հետո կարճ ժամկետում իմացան, որ բոլորը լքել են իրենց տները` բացի Ալվինա Բաղդասարյանից: Նա գերադասել է մնալ իր` ուսուցչուհու աշխատավարձով կառուցած նորակառույց տանը, իր հայրենի հողում: Ալվինան դասավանդման ժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում սովորողների հայրենասիրական դաստիարակությանը: Շատ հավանական է, որ նա ցանկացել է հայրենասիրության դաստիարակությունը շարունակել իր հերոսական մահով: Մարդասպանները ավելի շատ գազազել էին նրա պատասխաններից` «Ինձանից բացի ոչ ոք իրավունք չունի ապրել իմ տանը», «Այս հողը հայկական է, հայկական էլ կմնա»: Երբ դահիճները նորից հարցրին, թե ում է պատկանում այս հողը` ակնկալելով այլ պատասխան, պատասխանը հնչեց նույն ձևով: Դահիճները սկզբում կտրեցին Ալվինայի աջ ձեռքը, հետո` ձախ: Հարցը հնչեց երրորդ անգամ, սակայն Ալվինան անդրդվելի էր: Անգութ մարդասպանները այս անգամ կտրեցին ուսուցչուհու աջ ոտքը: Հետո ուսուցչուհին խոշտանգումների ու տանջանքների ենթարկվելուց հետո նայեց հայրենի գյուղին, իր տանը և վերջին անգամ ասաց. «Միևնույն է, մերոնք կգան ու վրեժ կլուծեն, կազատագրեն մեր գյուղերն ու հողերը»:
Ալվինա, աշխատանքում նորարար ես եղել, կյանքում` հոյակապ անձնավորություն, իսկ պատերազմի ժամանակ` խիզախ և արժանի հերոսի բարձր կոչման...

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ