Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր


22:15 , 16 հուլիս, 2019

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Ալան Դանկանը՝ ամփոփելով Կիտոյում էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպման արդյունքները։

«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է կիրառվում: Երկու երկրների (Մեծ Բրիտանիայի եւ էկվադորի) միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այդ մասին»,- հուլիսի 15-ին մեջբերում է Դանկանի խոսքը EFE գործակալությունը:

Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատման պայմանների խախտման համար: Ընթանում է նաեւ նրա ԱՄՆ արտահանձնման պահանջի քննարկումը, որտեղ, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության առաջադրած մեղադրանքների համաձայն, WikiLeaks-ի հիմնադրին մինչեւ 175 տարվա բանտարկություն է սպառնում ցանցահենային գործունեության համար։