Քննարկվել են ԵԱՏՄ-ում գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների հաշվարկի մեխանիզմները


19:10 , 16 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ հուլիսի 16-ին կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունված` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գյուղատնտեսական արտադրանքի, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները:Կանատ Սարսենբեկովը ներկայացրել է դրա ձևավորման մեթոդաբանությունը, կիրառվող գործակիցները:

Կողմերը համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ տարածքում միասնական շուկայի ձևավորման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել և մոտարկել Հայաստանում և ԵԱՏՄ մյուս անդամերկրներում կիրառվող մեթոդական համակարգերը: