Արցախը խոպանի վայր չէ. Պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի


22:30 , 15 հուլիս, 2019

Artsakhpress.am-ը գրում է.

Սահնամադրական փոփոխություններով նախագահի կամ պետական այլ բարձր պաշտոնների առաջադրման համար պետք է ոչ թե կրճատենք Արցախում ապրելու ժամկետները, այլ, իմ կարծիքով, հակառակը՝ անհրաժեշտ է խստացնել օրենսդրական պահանջները բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ դրույթ սահմանելով, օրինակ, որպեսզի պաշտոնավարումից հետո Արցախում, ասենք, առնվազը տասը տարի ապրելու պահանջ դրվի:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների առաջարկով Արցախում նախաձեռնված ստորագրահավաքին:

«Երբ հետհայացք ենք նետում, Արցախի բարձրաստիճան գրեթե ոչ մի պաշտոնյա՝ իր ընտանիքի անդամների հետ միասին, պաշտոնավարումից հետո երկրում չի մնացել: Կարծում եմ՝ երևույթն ինքնին շատ վիրավորական է, քանի որ Արցախը խոպանի վայր չէ: Թեմայի շուրջ կուսակցության ներսում բազմիցս քննարկումներ ենք ունեցել, և չեմ բացառում, որ առաջիկայում հենց մենք հանդես կգանք այդօրինակ նախաձեռնությամբ, որպեսզի Մայր օրենքում ամրագրենք այդ դրույթը»,- նշել է պատգամավորը:

Ռ. Ղահրամանյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ ինքը դեմ է ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց մասնակցությունը Արցախի կառավարման կյանքին, քանի որ դա միայն ընտրովի պաշտոններով չի արտահայտվում, բայց բոլոր նրանք, ովքեր բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել, պաշտոնավարումից անմիջապես հետո պարտադիր պետք է միառժամանակ ապրեն Արցախում:

«Դա առաջին հերթին բարոյական պահանջ է, որը, համոզված եմ, վայելում է նաև հանրային լայն աջակցություն: Ամոթ է հայրենիքում չապրելը և վերադառնալը նորից պաշտոն ստանալու հույսով, ակնկալիքով կամ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Արցախը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, և բոլոր այն ղեկավար այրերը, ովքեր այստեղից դուրս ապրելու վայրեր են փնտրում, ուրեմն կարևոր թյուրիմացություն է եղել: Եվ ես, իմ կուսակցական ընկերները պատրաստ ենք օրենսդրական ճանապարհով ուղղելու այդ թյուրիմացությունը»,- ասել է մեր զրուցակիցը: