Նոր գործակալ 007-ը սևամորթ դերասանուհի է


22:00 , 15 հուլիս, 2019

Բոնդիանայի 25-րդ ֆիլմում գործակալ 007-ի դերում հանդես կգա սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:

«Սա ժամանակակից «Բոնդ» է, որը դուր կգա երիտասարդ հանդիսատեսին, բայց այստեղ կլինի այն ամենը, ինչ ընդունված է սպասել Բոնդի մասին ֆիլմերից,- ասել է պարբերականի զրուցակիցը:- Ժապավենում կլինեն տպավորիչ դրվագներ՝ հետապնդումներով և մարտերով, Բոնդը, ինչպես միշտ, Բոնդն է, բայց նա պետք է սովորի ապրել #MeToo աշխարհում»,- եզրափակել է նա:

Համաձայն լրտեսական սագայի նոր մասի սյուժեի՝ Ջեյմս Բոնդը ժամանակավորապես ընդհատում է ծառայությունը և ուղևորվում Ջամայկա՝ հանգստի, այդ ընթացքում MI6-ը 007 համարը տալիս է նոր քննիչի՝ կնոջ: Սակայն նախկին ու նոր 007 գործակալներին վիճակված է հանդիպել ֆիլմում, ավելին՝ Բոնդին կգրավի նոր լրտեսուհին:

Նշվում է, որ կուլտային 007 գործակալին փոխելու որոշումը կարող էր ընդունվել ֆիլմի համահեղինակ, իր ֆեմինիստական հայացքներով հայտնի Ֆիբի Ուոլտեր-Բրիջի ազդեցությամբ: 2006 թ.-ից սկսած՝ լրտեսական ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել դերասան Դենիել Քրեյգը: