Թրքուհի բլոգերը մեկ թվիթի պատճառով ավելի մեծ ժամանակով է ազատազրկման դատապարտվել, քան մանկապիղծները


19:00 , 15 հուլիս, 2019

Pucca մականունով թրքուհի բլոգեր Փինար Կարագյոզը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման․ նա մեղադրվել է «թմրանյութեր օգտագործելը խրախուսելու» համար։

Ավելի վաղ՝ 2018 թ. դեկտեմբերին, աղջիկը Twitter–ում մեկնաբանություն էր արել կոլումբացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի մասին պատմող «Նարկո» ֆիլմի քննարկման ժամանակ:

Աղջիկը գրել է, որ երկրում վատ տնտեսական պայմանների պատճառով հարյուրհազարավոր կոլումբացիներ ստիպված են զբաղվել թմրանյութերի առևտրով, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքները։

Կարագյոզի փաստաբան Ալի Ֆուրկանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ դատարանի որոշումը կբողոքարկեն, և նշել է, որ Թուրքիայում նույնիսկ մանկապիղծները այդ չափով չեն դատապարտվում ազատազրկման։ Իսկ աղջիկն ուղիղ եթեր է դուրս եկել և լաց եղել՝ ասելով, որ նույնիսկ Էսկոբարը չի դատապարտվել այդ չափի բանտային ռեժիմի։