Մի նախագահի սիրո պատմություն. Բարաք Օբամա


15:06 , 26 հունիս, 2013

Photo by mbenson125 • InstagramԲոլորին էլ հետաքրքրում է հայտնի մարդկանց անձնական կյանքը: Եվ առանձնակի ուշադրության կենտրոնում են այնպիսի մարդիկ, ում միշտ զուսպ և պաշտոնական կարգավիճակում ենք տեսնում: Այդպիսի մարդկանց շարքում են նախագահներն ու քաղաքական այլ բարձրաստիճան պաշտոնյաները: Ծանոթանանք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկնոջ` Միշել Օբամայի սիրո պատմությանը:

Ծառայողական սիրավեպ

Բարաք Օբաման և Միշել Ռոբինսոնը ծանոթացել են 1989-ին: Այդ ժամանակ Միշելը Սիդնեյ Օսթինի իրավաբանական ընկերությունում իրավաբան էր աշխատում, և նրան` որպես երիտասարդ աշխատակցի, հանձնարարել էին իր հովանավորչության տակ վերցնել Հարվարդի ստաժորներից մեկին: Դեռ անձնական ծանոթությունից առաջ տեսնելով նորեկի նկարը` Միշելը, նուրբ ասած, հիացած չէր: «Ես մտածեցի` դե լավ, գուցե նա այդքան էլ սարսափելի չէ, երևի ինչ-որ ծաղրածու է: Իսկ հետո ես իմացա, որ նրա անունը Բարաք Օբամա է»,- հիշում է Միշելը: 

Իրականում Օբաման պարզապես ֆոտոգենիկ չէր: Շուտով պարզվեց, որ երիտասարդ իրավաբաններին դուր են գալիս միևնույն բաները, և նրանք ծիծաղում են նույն բաների վրա: Նրանք արագ ընկերացան, սակայն Բարաքն այդ կարգավիճակում երկար ժամանակ մնալ չէր ցանկանում:

Առաջին ժամադրությունն ու առաջին համբույրը

Միշելը հեշտությամբ չզիջեց: Մի ամիս սիրատածումներից հետո Միշելը համաձայնեց ժամադրության գնալ: Առաջին ժամադրության ժամանակ նրանք գնացին Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտ, հետո ճաշեցին, զբոսնեցին, գնացին կինո և բարում մի-մի բաժակ խմեցին: CNN-ին տված հարցազրույցում Միշելն ասել է. «Մենք միանգամից հավանեցինք միմյանց: Օրվա վերջում ամեն ինչ որոշված էր: Ես գրավված էի»:

Ի՞նչը կարող է ավելի հուզիչ լինել, քան առաջին համբույրը: Միայն դրա մասին հիշողությունները: Իր` «Հույսի համարձակություն» գրքում Բարաք Օբաման գրում է. «Ընկերության կազմակերպած պիկնիկից հետո Միշելն ինձ տուն տարավ: Ես առաջարկեցի պաղպաղակ գնել: Ապա հարցրեցի` կարո՞ղ եմ համբուրել քեզ: Շոկոլադային համ էր»:

TumblrԲարաք Օբամայի և Միշել Ռոբինսոնի հարսանիքը

Ծանոթությունից երկու տարի անց հնչեց սրտի և ձեռքի առաջարկությունը: Դա տեղի ունեցավ Չիկագոյի ռեստորաններից մեկում: Մատանին Միշելի համար լրիվ անակնկալ էր:

Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ մի տարի անց` 1992-ի հոկտեմբերի 3-ին Չիկագոյի Trinity United Church of Christ եկեղեցում:

Միշելի հարսանեկան զգեստը սպիտակ մետաքսից էր սրտաձև կտրվածքով և երկար քողով: Բարաքի հագին սև սմոքինգ էր: Ամուսնական զույգի մեղեդին Ստիվի Ուանդերի երգերից մեկն էր: Ի դեպ` ԱՄՆ նախագահը Սթիվի Ուանդերի երկրպագուն է: