Հրապարակվել է Վրաստանի դիվանագետների գաղտնի նամակագրությունը Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերի մասին


16:00 , 15 հուլիս, 2019

2017 թ.-ին վրացի դիվանագետը երկրի կառավարությանը զգուշացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարյա Կուցնաշվիլիի, ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կապերի մասին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վատո Մահարոբլիշվիլիին համապատասխան նամակ է գրել այդ ժամանակվա Վատիկանում Վրաստանի դեսպան Թամարա Գրձելիձեն, հաղորդում է «Georgia Online»-ը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:

Նամակում Գրձելիձեն հայտնում է, որ Կուցնաշվիլին վեհաժողովի ժամանակ խոսել է ռուսերեն, ոչ թե վրացերեն: Նրա խոսքերով, պատգամավորը խոսել է ճգնաժամի հաղթահարման քրիստոնեական ուղիների մասին, ընդգծել Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի դերը և շնորհակալություն հայտնել պատրիարք Կիրիլին աղոթքներում այդ տարածքները հիշատակելու համար:

«Ըստ նրա ռուսական պետությունը ճանաչում է Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը Վրաստանից, իսկ Մոսկվայի պատրիարքությունը շարունակում է ճանաչել Վրաստանի ավտոկեֆալ եկեղեցու իրավասությունը այդ տարածքներում»,- ասվում է դիվանագետի նամակում:

Գրձելիձեն նշել է, որ իր համար տխուր է լսել Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչի պատրիարք Կիրիլին ուղղված երախտագիտության խոսքը, որը համարվում է Ռուսաստանի կառավարության անբաժանելի մասը:

Պարբերականը նշում է, որ հունիսի 20-ին Կուցնաշվիլին հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Երեքշաբթի, հուլիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանը կքննարկի նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը: