Թուրք-ամերիկյան ստվերային սակարկությունները որակապես նոր փուլ են մտնում


15:48 , 15 հուլիս, 2019

Թուրք-ամերիկյան ստվերային սակարկությունները որակապես նոր փուլ են մտնում: Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել ռուսական С-400 Триумф ԶՀՀ-ների վաճառքն Անկարային, որոնց առաջին խմբաքանակի առաքումը Թուրքիա տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին, հետևաբար ամերիկյան կողմը սկսում է համակողմանի ճնշման նոր գործընթաց, որի նպատակն է ստեղծված իրավիճակում Թուրքիայից առավելագույն զիջումներ կորզելը: Իսկ այն իրողությունը, որ ԱՄՆ-ն հենց նման մարտավարությանն է հակված, այլ ոչ Թուրքիային նպատակաուղղված կերպով «պատժելու» ուղղությանը, վկայում է Դոնալդ Թրամփի՝ դեռևս հունիսի վերջին Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հնչեցրած այն հայտարարությունը, թե Անկարայի՝ Patriot համակարգեր ձեռք չբերելու հարցում մեղավոր է ոչ թե թուրքական կողմը, այլ իր իրավանախորդը՝ Բարաք Օբաման:

Արդեն իսկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են հաղորդել առ այն, որ ընթացիկ շաբաթվա ավարտին ուժի մեջ կմտնեն Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքին համապատասխան: Հայտնի է, որ քննարկվում են պատժամիջոցների 3 տարբեր փաթեթներ, որոնցից կընտրվի առավել նպատակահարմարը:

Հատկանշական է, որ ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը խոստացել է չկիրառել տնտեսական պատժամիջոցներ, ինչից թուրքական կողմն ամենից շատ է զգուշանում: Իսկ թե ինչպիսի և որ ոլորտներին առնչվող պատժամիջոցներ կկիրառվեն, պարզ կլինի առաջիկայում, մինչդեռ ներկայումս շատ ավելի առարկայական է, թե թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա որ խնդրահարույց ուղղություններում է Թուրքիան պատրաստ գնալ էական զիջումների՝ խուսափելու համար ամերիկյան շատ ավելի լուրջ պատժամիջոցներից. համենայն դեպս, ցայժմ 2 կողմն էլ բարձրացնում են խաղադրույքները, Անկարան՝ նաև թուրք-սիրիական սահմանին նոր մանևրների միջոցով:

Իսկ սակարկության թեմաները կարող են առնչվել Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորվելիք անվտանգության գոտու և դրանում Թուրքիայի դերակատաության սահմանափակման, ամերիկյան F-35 ռազմական օդանավերի վաճառքի խնդիրներին, ամերիկյան կողմից նույն С-400-ների տեխնիկական ուսումնասիրության հնարավորությանը, Թուրքիա-Իրան համագործակցության և Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Սաուդյան Արաբիա խնդրահարույց հարաբերություններում Անկարայի քաղաքականության փոփոխությանը և այլն: