Լոռու մարզի Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով զոհվածները մայր ու դուստր են
11:00 , 15 հուլիս, 2019
Խոր վշտով տեղեկացանք, որ ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են Գազել մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: Այս մասին հայտարարություն է տարածել Լոռու մարզպետարանը:
«1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում: Կինը՝ Կարինեն, և դուստրը՝ Լիլիան, կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան:
Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել:
Լոռու մարզպետարանը խորապես վշտակցում է մահացածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ընտանիքի հորը՝ Վարդան Մկրտումյանին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ վնասված բնակչին բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,-ասված է հայտարարության տեքստում: