Անհարմարավետություն և տարօրինակություն. ինչպիսին էր նորաձևությունը հին Եվրոպայում


21:00 , 15 հուլիս, 2019

Նորաձևությունը միշտ էլ փոքր-ինչ տարօրինակ է եղել։ Այսօր, նայելով միջնադարյան տենդենցներին, ծիծաղում ենք և ինքներս մեզ հարց տալիս՝ ինչո՞ւ։ Նորաձևությունը նախկինում ստիպել է մարդկանց անհարմարություն զգալ քայլելիս կամ անգամ զրկել է նստելու հնարավորությունից։

Չոպիններ

Չոպինների չափսերը համապատասխանում էին դրանք կրողների հասարակական դիրքին։ Եթե պլատֆորմը շատ բարձր էր, ապա այն կրող կինը հասարակությունում շատ բարձր դիրք էր զբաղեցնում։ Պլատֆորմի վերևի մասում կաշվից կամ մետաքսից կոշիկ էր։ Երբ կանայք չոպիններով քայլում էին Վենետիկի փողոցներում, ապա նրանց պարտադիր ուղեկցում էին ծառաները կամ ամուսինը։ Որոշ չոպինների պլատֆորմների բարձրությունները հասնում էին 50 սմ-ի։

Չոպինները ստեղծվել են Վենետիկում, Միջին Ասիայից եկած պլատֆորմով կոշիկների նախատիպի հիման վրա։ Դրանք պատրաստվում էին խցաններից կամ փայտից։ Չոպինները նորձաևությունից դուրս եկան, երբ մեծ հայտնիություն ձեռք բերեցին բարձրակրունկ կոշիկները, որոնք եկան Մերձավոր Արևելքից և միանգամից ընդունվեցին նորաձևության սիրահարների կողմից։

«Լցոնում»

Եղիսաբեթյան նորաձև կանայք հագուստը լրացնում էին մեծ քանակությամբ կտորից կամ այլ նյութերից պատրաստված լցոնմամբ։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ «լցոնում էին» ձեռքերն այնքան, մինչև որ դրանք դառնում էին հսկայական։ Տղամարդիկ «լցոնում էին» կրծքավանդակի մասի հագուստը, որպեսզի կրծքավանդակն ու փորը կլորավուն երևային։ Լցոնման զանգվածը, որպես կանոն, պատրաստվում էր բամբակից կամ ձիու մազերից, կտորներից։

Մեծ կեղծամներ

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ճաղատացման եզրին գտնվող արքա Լյուդովիկոս XIII-ին այն բանի համար, որ նա սկսեց կեղծամ կրել։ Բոլոր կեղծամները պատրաստվում էին մարդու կամ կենդանիների իրական մազերից և հաճախ պարունակում էին ոջիլներ։

Արքան այնքան շատ էր սովորել կեղծամով շրջելուն, որ կողմնակի անձանց մոտ երբեք այն չէր հանում գլխից։ Բացի դրանից՝ նա համընդհանուր հրաման էր տվել կեղծամներ կրելու։ Եվ կեղծամները, որպես կոստյումի պարտադիր բաղկացուցիչ մաս, շարունակեցին նորաձև մնալ 150 տարի։ Որպեսզի կեղծամը լավ նստեր, այն հագնում էին ճաղատացրած գլխին, և այդ կերպ վարվում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։

Կորսետներ

Կորսետներն ի հայտ են եկել Վերածննդի ժամանակաշրջանում։ Այն ժամանակ դրանց նպատակն իրանը նեղացնելն էր այնքան, որքան հնարավոր էր։ Նման կորսետների առօրյա կրումը հանգեցնում էր ստամոքսի խնդիրների, ներքին օրգանների վնասման։

Դիմակներ

Դիմակները 16-րդ դարում նախատեսված էին ճանապարհորդությունների ժամանակ կանանց դժգույն դեմքերը արևի ճառագայթներից պաշտպանելու համար։ Դրանք դեմքին ամրացվում էին ոչ թե ժապավեններով, այլ կոճակով, որի մի կողմը դրվում էր դիմակի բերանի հատվածում, իսկ մյուսը՝ օգտագործողի ատամների արանքում։ Դիմակները պատված էին լինում սև թավիշով և հաճախ անգամ շնչելու համար նախատեսված անցք չէին ունենում։