Մարգարետ Թետչեր. Այս կնոջից ուղղակի պետք է օրինակ վերցնել


20:06 , 26 հունիս, 2013

Մարգարետ ԹետչերՎերջերս մետրոյում թերթ էի ընթերցում, որտեղ մի փոքրիկ հատված ներկայացված էր աշխարհի ամենահզոր կանանցից մեկի` Մարգարետ Թետչերի մասին: Այնքան հետաքրքրեց, որ կանգառս մոռացա, հանդիպումից ուշացա, բայց մինչև վերջ կարդացի նրա մտքերը: Գրառմանն ավելացնելով նաև Լանդրամի «13 կանայք, որոնք փոխեցին աշխարհը» գրքից մտքեր` կներկայացնեմ այս կնոջ խոսքերը, որոնք մոտիվացիայի գոհարներ են իրականում:

Թետչերն այն կինն է, ով իսկապես կարող է համառության ու անկոտրում կամքի հիանալի օրինակ լինել բոլոր կանանց և տղամարդկանց համար, քանի որ երկաթե լեդին Բրիտանիայի վարչապետի աթոռին մնաց ավելի երկար, քան 20-րդ դարի որևէ քաղաքական լիդեր: Նա զարգացրեց Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 3 անգամ ավելի արագ, քան նրան նախորդած 3 վարչապետները միասին վերցված: Ամեն քայլին հանդիպելով «տղամարդկային պատնեշին»` նա չընկճվեց` հիշելով հոր լավագույն խորհուրդը` «Չլինել ինչպես բոլորը», և շարժվեց առաջ:

Թետչերն ամբողջ կյանքում սովորել էր աղջիկների համար նախատեսված հաստատություններում: Մանկությունից գրեթե անծանոթ լինելով տղաների պահվածքին՝ նա այդպես էլ չէր սովորել բարդույթավորվել նրանց մոտ և զիջել միայն այն պատճառով, որ տղաներ են:

«Իսկ երբ ես մեծացա, կներեք, պարոնայք, բայց արդեն ուշ էր», -ասում էր նա:

Պլանավորիր քո օրն այսօր և ամեն օր, հետո իրագործիր պլաններդ:

Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ:

Ցանկացած կին, ով հասկանում է ընտանիք կառավարելու խնդիրները, մոտ է նաև երկիր կառավարելու խնդիրները հասկանալուն:

Ի տարբերություն տղամարդկանց` կանայք ավելի հեշտ են «ՈՉ» ասում:

Ես շատ համբերատար եմ, բայց կա մի պայման. վերջում իմ ուզածով պետք է լինի:

Բնավ էլ պարտադիր չէ համաձայնել զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

Երբ 10 տարեկանում Թետչերը կարողացավ հաղթել պոետների մի մրցույթում, դպրոցի տնօրենն ասաց նրան.

-Ապրես Մարգարետ, ինչպիսի՜ հաջողություն:

Աղջիկը նայում է կնոջն ու պատասխանում.

-Դա հաջողություն չէր, այլ արժանի վաստակ:

Ես չեմ ճանաչում մեկին, ով բարձունքի է հասել առանց տքնաջան աշխատանքի: Դա է բաղադրատոմսը: Իհարկե միշտ չէ, որ աշխատանքը Ձեզ բարձունքի կհասցնի, բայց առնվազն շատ մոտ կտանի դրան:

Հայրս ասում էր, որ երբեք մի գնա ամբոխի ետևից, այլ առաջնորդիր նրան: Մոռացիր «դա չափազանց դժվար է» կամ  «ես դա չեմ կարող անել» բառերը:

Ինձ չի հետաքրքրում, թե իմ նախարարները որքան են խոսում, քանի դեռ նրանք անում են այն, ինչ ես ասում եմ նրանց:

Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր, սակայն, հավերն են ածում:

Ճանապարհի մեջտեղում կանգնելը շատ վտանգավոր է: Ձեզ կարող են երկու կողմից էլ հարվածել:

Եթե ինձ քննադատողները տեսնեն, որ ես քայլելով անցնում եմ Թեմզան, ապա նրանք կասեն, որ ես լողալ չգիտեմ:

Աշխատում եմ չհիշեմ, որ կին եմ, ուստի դրա համար կենտրոնանում եմ աշխատանքիս վրա:

Ես պետք է փոխեմ «Օգնություն տվեք, խնդրում եմ» բառերը դեպի «Անենք ամեն ինչ ինքներս» արտահայտությամբ, իսկ «Նստենք ու սպասենք» մտածելակերպը` «Արթնանանք ու գործենք» գաղափարով:

Հ.Գ. Այսպիսի մտքերի տեր մարդն անհնար է` ուժեղ չլիներ, իսկ ինձ մնում է միայն հիանալ այս կնոջ կամքով ու համառությամբ: