Երևանում մեքենան դուրս է եկել մի փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել այլ փողոցի տներից մեկի տանիքին. կա տուժած


11:20 , 14 հուլիս, 2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ե.) դուրս է եկել Սերո Խանզադյան փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել Արմենակյան փողոցի տներից մեկի տանիքին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին՝ Ք.Հ.-ին (ծնված 1997 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել անվտանգ տարածք: