Ամուլսարում իրավիճակը լարված է. տեղացիները փորձագետներին թույլ չեն տալիս մտնել հանքի տարածք, Գնդեվազ-Ամուլսար տանող ճանապարհը փակ է (Video)


13:10 , 13 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։

Ավագանու նիստում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։

Tert.am-ի հետ զրույցում Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից Շիրակ Բունիթյանն ասաց, որ հանքավայրի մոտ իրավիճակը լարված է, ոստիկանությունը փորձ է անում տարածքից հեռացնել Ամուլսարի պաշտպաններին ու տեղացիներին. «Առավոտյան ոստիկանության ծառայողները փորձեցին մի քանիսին ձեռնաշղթաներով հեռացնել, բայց չստացվեց, այս պահին բերման ենթարկված չկա, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մենք շարունակում ենք մնալ և թույլ չտալ բացել ճանապարհը փորձագետների առաջ»:

Բնապահպաններից Շահանե Խաչատրյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և հայտնել, որ Ամուլսարի 1-ին ճամբարի մոտ լարված իրավիճակ է, ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

«Ավելի վաղ վերջիններս տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։ 
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ և Քննչականի ներկայացուցիչներ։ 

Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաներն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։ 

Ոստիկանությունը և Քննչականը բանակցում են տեղացիների հետ: Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։

Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը»-գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ