Շուրթերի միջոցով կարդալու մասնագետն ասել է, թե ինչ է վերջին ցնցման նոպայի ժամանակ շշնջացել Մերկելը (Video)


12:48 , 12 հուլիս, 2019

Շուրթերի միջոցով կարդալու մասնագետ Ջուդիթ Հարթերը Antenne Bayern ռադիոկայանին պատմել է, թե ինչ է շշնջացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ ցնցման նոպայի ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը: Տեսանյութից դատելով՝ Մերկելն ինչ-որ բան է շշնջացել՝ չնայելով ֆինն գործընկերոջը:

Փորձագետի խոսքով՝ Մերկելը կրկնել է հետևյալ արտահայտությունը․ «Ես կկարողանամ» («Ich schaffe das»):

Անձամբ կանցլերը լրագրողներին հայտնել է, որ իր առողջության համար անհանգստանալու կարիք չկա, սակայն նախօրեին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպմանը նա հիմնը նստած է լսել:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան է եղել հանրության առաջ: Առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:

Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:

Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները: