ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Շերմանի առաջարկն Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառքն արգելելու մասին


11:29 , 12 հուլիս, 2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի կայքը:

Փոփոխություններն առաջարկվել է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով:

Շերմանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ ասելով. «Ինչպիսի կարծիք էլ որ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս հաստատելու համար, որ մենք չենք աջակցում ադրբեջանցիներին այս սարսափելի վարքագծում»:

Ավելի վաղ պալատի քվեարկությանը ներկայացված առաջարկին կողմ ելույթով հանդես էր եկել կոնգրեսական Ռոն Ռայթը: