Մայրը որդուն փրկել է դիակիզումից՝ նրա աչքերին արցունքներ նկատելով


06:09 , 12 հուլիս, 2019

Հնդկաստանում՝ Թելենգանա նահանգում, երիտասարդը հազիվ է փրկվել դիակիզումից բժիշկների անփութության պատճառով, հաղորդում է Hindustan Times-ը:

Ինչպես նշվում է, հունիսին երիտասարդը հոսպիտալացվել է բարձր ջերմության և փսխման բողոքներով:

Պարզաբանվում է, որ բժիշկները նրա մոտ հեպատիտ են ախտորոշել: Որոշ ժամանակ անց երիտասարդը կոմայի մեջ է ընկել, իսկ մեկ շաբաթ անց հիվանդի հարազատներին հաղորդել են, որ նրա ուղեղը դադարել է գործել:

Դիակիզման նախապատրաստման ժամանակ տղայի մայրը նրա աչքերի անկյուններից հոսող արցունքներ է նկատել: Հարազատներն անմիջապես բժիշկ են կանչել, որն ասել է, որ տղայի սիրտը բաբախում է:

Դրանից հետո երիտասարդին նորից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա շուտով գիտակցության է եկել: Այս պահին նա դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է բուժումը: