Օր առաջ պետք է սկսել «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման աշխատանքները


15:49 , 11 հուլիս, 2019

Հետևում եմ հայկական լրահոսին, ուղղակի տհաճ է...

Տեղեկատվական դաշտը երբեք այսքան լցված չի եղել աղբով, շեղող և կեղծ նորություններով, անիմաստ և դատարկ վերլուծություններով։

Լրահոս են թափանցում այնպիսի բացասական և սթրեսային լուրեր, ինչպիսիք են ավտովթարները, կենցաղային սպանությունները, ինքնասպանությունները, զոհերի մասին մանրամասն տեղեկություններ, դեպքերի հանգամանքների մանրակրկիտ նկարագրություններ, ընդհուպ մինչև վերելակում մարդ մնալու մասին անիմաստ նորությունը։

Լավ ինչի՞ համար, իմաստը ո՞րն է։ Մի քանի ավելի click ու դիտո՞ւմ։ Իսկ ինչ-որ մեկը վերլուծե՞լ է, թե դա ինչ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա, ի՞նչ անիմաստ նեգատիվ տրամադրություն է առաջացնում, ի՞նչ ագրեսիա է ծնում հասարակության մեջ։

Տպավորություն է, թե Հայաստանում և աշխարհում ոչ մի լավ բան տեղի չի ունենում, դրական և տրամադրություն բարձրացնող իրադարձություններ չկան։ Բայց դա այդպես չէ, շատ դրական և հետաքրքիր իրադարձություններ և դեպքեր են պատահում, որ կարելի է տարածել։

Հայաստանի տեղեկատվական դաշտը պաշտպանված չէ, յուրաքանչյուրը կարող է հորինել և տարածել իր ուզած լուրը։ Բայց մենք մոռանում ենք, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմի, ընդ որում՝ ավելի շատ՝ տեղեկատվական պատերազմի մեջ։

Պետական ո՞ր մարմինն է իրավասու զբաղվելու այս հարցով, ո՞վ պետք է նախաձեռնի «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակումը, որով պետք է առաջնորդվեն պետական և մասնավոր լրատվամիջոցները, բլոգերները, լրագրողներն ու վերջապես անհատ քաղաքացիները։

Կարծիք ունենալու և այն պարտադիր հայտնելու իրավունքը դարձել է բացարձակ՝ առանց պարտավորության և պատասխանատվության գիտակցման։ Շուրջբոլորը տիրում է խոսքի և մտքի անպատասխանատվություն։

Իմ խորին համոզմամբ՝ սա շատ ավելի մեծ վտանգ է հայկական երիտասարդ պետականության համար, քան, ենթադրենք, Ադրբեջանի հավանական ագրեսիան։

Ներսում մենք պետք է ամուր լինենք, խոսելուց առաջ երկար մտածենք, գիտակցենք խոսքի մոգական ուժն ու ազդեցությունը, իսկ լրատվամիջոցները պետք է աշխատեն դրական աուրա ձևավորել, խուսափել սթրեսային և դաժան նորություններ տարածելուց։

Երկար ստացվեց, բայց կարծում եմ՝ համաձայն եք, որ այսպիսի լարված և սթրեսային հասարակությունում պրոգրեսիայի, ստեղծագործության, արարման մասին նույնիսկ մտածել չի ստացվում։

Օր առաջ պետք է սկսել «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման աշխատանքները։