Մահերի քանակն ու աղբի աշխարհագրությունը հուշում են, որ իշխանություն չկա ոչ մի մակարդակում


13:53 , 11 հուլիս, 2019

Այն, որ Երևանի և երկրի ճանապարհներին երթևեկությունը դարձել է քաոսային, իսկ մայրաքաղաքում աղբը՝ անկառավարելի, աքսիոմա է, այսինքն՝ ապացուցման կարիք չունի։ Դա տպավորություն չէ։ Փաստ է՝ հիմնված թվերի վրա։ Դրանցից մեկն օրինակ. այս տարի ավտովթարներից մահացել է 169 մարդ։ Այսինքն՝ ավելի շատ մարդ, քան անցած տարի բանակում։ 

Այս երկու հանգամանքը բնավ կարևոր ցուցիչ չեն ո՛չ երկրի համար, ոչ էլ երկրի քաղաքացիների համար։ Սա լակմուսի թուղթ է, թե երկրում իշխանություն կա, թե չկա։ Որ մակարդակում կա իշխանություն՝ համապետական, համայնքային, մայրաքաղաքային։ Ու մահերի քանակն ու աղբի աշխարհագրությունը հուշում են, որ իշխանություն չկա ոչ մի մակարդակում։

Հայաստանը դադարում է ֆունկցիոնալ առումով գործել որպես պետություն, որովհետև էդ անգործունեության առաջին լակմուսը հենց փողոցն է. այդտեղ նայելով կարող ես հասկանալ՝ գործող ենթակառուցվածքներ կա՞ն երկրում, թե՞ ոչ։ Իսկ մնացածը ժամանակի հարց է։ Իհարկե, կավելանան գողությունները, հետո՝ դանակահարությունները։ Հետո կավելանան պարտքերը՝ խանութներին, սրճարաններին, ռեստորաններին։ Դա իր հերթին շղթայաձև կբերի պարտքեր ընկերություններին, ու այդպես շարունակ։ 

Ինձ ասում են. հերիք է քննադատես, ելքեր ասա։ Չեմ ասելու։ Դո՞ւք եք ընտրել այս իշխանությանը, վայելե՛ք։ Դուք իրար արժանի եք։ Միասին և համատեղ ուժերով կործանե՛ք երկիրը։ Իսկ ես իմ թոռան հետ կխաղամ, կնոջս հետ սուրճ կխմեմ ու կնայեմ ձեզ։