Իտալիայում նարնջի մեծության հատիկներով կարկուտ է տեղացել, մոտ 20 տուժածներ կան


07:00 , 11 հուլիս, 2019

Կենտրոնական Իտալիայում՝ Ադրիատիկ ծովի ափամերձ շրջանում, նարնջի մեծության հատիկներով կարկուտ է տեղացել, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով ANSA գործակալությանը:

Կարկուտը տեղացել է Աբրուցո մարզի Պեսկարա կոմունայում: Հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք է դիմել կարկուտի հսկայական հատիկներից տուժած 18 մարդ, այդ թվում՝ դեմքի և գլխի վնասվածքներով հղի կին:

Հաղորդվում է, որ տուժածները գլխի վնասվածքներ և վերքեր են ստացել, նրանց կարեր են դրվում:

Միևնույն ժամանակ, Պեսկարայի հիվանդանոցում վատ եղանակի հետևանքով ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, քանի որ առաջին հարկը հեղեղվել է ջրով, և բոլոր վիրահատարանները դադարեցրել են աշխատանքը:

Բացի այդ` ջուրը լցվել է ավտոկայանատեղի՝ հիվանդանոցի աշխատակիցների մոտ երկու տասնյակ մեքենաներով: Տեղեկացվում է, որ այդտեղ ջրի մակարդակը 2 մետր է:

Բացի դրանից` կարկուտը լուրջ վնաս է հասցրել Պեսկարա քաղաքին. վնասվել են ավտոմեքենաները, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել են տների տանիքները:

Այժմ եղանակային անբարենպաստ պայմաններ են հյուսիսային Էմիլիա-Ռոմանիա, Աբրուցո և Մարկե մարզերում: