Հնդկաստանի իշխանությունները հրապարակել են Հիմալայան լեռներում մահացած 8 լեռնագնացների վերջին րոպեները պատկերող տեսանյութը (Video)


10:36 , 10 հուլիս, 2019
Հնդկաստանում հրապարակվել է Հիմալայան լեռներում մահացած 8 հոգուց բաղկացած լեռնագնացների թիմի առաքելության վերջին րոպեների տեսագրությունը, հաղորդում է BBC-ն: 
 
Տեսագրությունը հրապարակել է հնդկա-տիբեթական սահմանային ոստիկանությունը: Տեսախցիկը, որով արվել է տեսագրությունը, հայտնաբերվել է լեռնագնացների մարմիններից մեկին ամրացված: 
 
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 4 բրիտանացուց, 2 ամերիկացուց, 1 ավստրալացուց և 1 հնդիկից բաղկացած խումբը եղանակային բարենպաստ պայմաններում շարժվում դեպի Հնդկաստանի՝ մեծությամբ երկրորդ Նանդա Դևի լեռան գագաթներից մեկը:

Հիշեցնենք, որ խմբի հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին: Լեռնագնացները կորած էին համարվել, սակայն ավելի ուշ՝ հունիսին, հայտնաբերվել էին նրանցից 7-ի մարմինները՝ բացառությամբ արշավախմբի բրիտանացի ղեկավարի: Մինչ այդ հաղորդվել էր, որ լեռնագնացների խումբը հասել է 4870 մետր բարձրության՝ նպատակ ունենալով բարձրանալ լեռան՝ մինչ այդ երբեք չնվաճված գագաթներից մեկը:

Հնդկա-տիբեթական սահմանային ոստիկանության խոսնակը հայտնել է, որ խմբի քաշը, հավանաբար, ձնահոսք է առաջացրել, ինչն էլ լեռնագնացների մահվան պատճառ է դարձել: