Շիրակի մարզպետի հրամանով աշխատանքից ազատված տնօրենը դատարանով վերականգնվել է


22:40 , 9 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում ամիսներ առաջ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ կային այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցի աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին: Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզպետին հասցեագրել էր միջնորդագիր՝ նշված դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման մասին:

Մարզպետն էլ իր 2019-ի մարտի 1-ի հրամանով լուծել էր հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ  2017թ․ փետրվարին կնքված աշխատանքային պայմանագիրը: 

«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից «Հրապարակին» տեղեացրեցին, որ թիվ 19-ը դպրոցի տնօրենը կվերադառնա աշխատանքի, քանի որ մարզպետի որոշումն անվավեր է ճանաչվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։ Այն բավարարել է Նարինե Մեսրոպյանի՝ աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու, իրեն  աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցը:

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։