20:30 , 9 հուլիս, 2019Նյու Յորքի ամուսնական զույգերից մեկը դատի է տվել ընտանեկան պլանավորման կլինիկային այն բանից հետո, երբ կինն այլ ծնողների երեխաներին է ծնել արտամարմնային բեղմնավորման ընթացքում կատարված սխալի հետևանքով։
Ասիական ծագում ունեցող մայրը երկու ոչ ասիացի երեխաների է լույս աշխարհ բերել, որոնց ԴՆԹ-ն համապատասխանում է մեկ այլ ամուսնական զույգի գեների հետ։ Վերջիններս ևս դիմել էին տվյալ կլինիկային։ Դրանից հետո ասիացի զույգը ստիպված է եղել երեխաներին տալ գենետիկ ծնողներին։
Ամուսինները՝ Ա.Պ.-ն և Ի.Զ.-ն, ապրում են Նյու Յորքում և ամուսնացել են 2012 թ.։ Երբ երեխա ունենալու նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել, նրանք որոշել են արտամարմնային բեղմնավորման եղանակին անցնել՝ դիմելով լոսանջելեսյան CHA Fertility կազմակերպությանը։
Կազմակերպությունը մինչ օրս ոչ մի մեկնաբանություն չի տվել։
Արտամարմնային բեղմնավորում բեղմնավորման գործընթաց է, որի կիրառման դեպքում ձվաբջիջը մարմնից դուրս միանում է սերմնաբջջին։ Այս գործընթացը ներառում է կնոջ օրգանիզմում օվուլյացիոն գործընթացն ուսումնասիրելն ու այն խթանելը, ինչի արդյունքում կնոջ ձվարաններից հեռացնում են ձվաբջիջ կամ ձվաբջիջներ և թողնում, որ սպերման բեղմնավորի դրանք հեղուկում, լաբորատոր պայմաններում։
CHA Fertility կազմակերպության կայքում ասվում է, որ այս մեթոդը 22 երկրներում իրագործել է տասնյակ հազարավոր ծնողների երազանքները։
Հայցադիմումի մեջ նշվում է, որ ամուսիններն ավելի քան $100,000 են վճարել արտամարմնային բեղմնավորման ծառայության համար՝ ներառյալ հիվանդասենյակի, բժիշկների ու մասնագետների վարձավճարները, նյութերի և դեղամիջոցների գնման, անալիզների գումարը և այլն։
2018 թ. սկզբին կազմակերպությունը սկսել է զույգին օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Առաջին փորձը հղիության չի հանգեցրել։ Զույգը կրկին է փորձել և շատ ուրախացել, երբ 2018 թ. սեպտեմբերին կինը հղիացել է։
Սակայն ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ձևավորվել են երկվորյակներ՝ երկու տղաներ։ Այս փաստն անհանգստացրել է զույգին, քանի որ միայն մի էմբրիոնն էր արական սեռի, և այն չէին տեղավորել Ա.Պ.-ի արգանդում։
Նրանք զանգահարել են կլինիկայի ղեկավարներին և փորձել պարզաբանել հարցը, սակայն նրանց պատասխանել են, որ ուլտրաձայնային հետազոտության արդյունքները միշտ չէ, որ ճշգրիտ ու վերջնական են լինում։
2019 թ. մարտին Ա.Պ.-ն երկու որդի լույս աշխարհ բերեց, և երկուսն էլ ասիացի չէին։
«Հայցվորները շոկի մեջ էին այն բանից հետո, երբ տեսան, որ այն երեխաները, որոնք, ըստ բժիշկների, նրանց գենետիկ նյութերից էին ստացվել, բոլորովին այլ տեսք ունեին»,- նշվում է հայցադիմումի մեջ։
Գենտիկական անալիզը հարազատական կապ ցույց չի տվել ոչ միայն երեխաների ու ամուսնական զույգի մեջ, այլև հենց երկու երեխաների միջև։ Պարզվում է՝ յուրաքանչյուր երեխան տարբեր զույգից է սերում, որոնք նույն կլինիկա էին դիմել նմանատիպ խնդրանքով։
Ա.Պ.-ից և Ի.Զ.-ից պահանջել են երեխաների խնամակալությունը հանձնել նրանց գենետիկական ծնողներին։
Ամուսինները չգիտեն՝ ինչ է պատահել երկու էմբրիոնների հետ, որոնք պետք է տեղադրվեին Ա.Պ.-ի արգանդում։ Հայցադիմումում նշվում է, որ հայցվորները ֆիզիկական և հոգևոր վնաս են կրել, իսկ կլինիկան մեղադրվում է բժշկական անփութության, պարտականությունների ոչ պատշաճ կատարման և ևս 14 խախտումների մեջ։