Հայաստանի տնտեսության մեջ լուրջ առաջընթաց կարող է լինել միայն գիտական ներուժի զարգացման հաշվին


13:00 , 9 հուլիս, 2019

Հայաստանի տնտեսության մեջ լուրջ առաջընթաց կարող է լինել միայն գիտական ներուժի զարգացման հաշվին, ինչը հնարավոր է միայն կրթության և գիտության ոլորտի պատշաճ ֆինանսավորման և պետական աջակցության պարագայում։ Ներկայումս համաշխարհային տնտեսության մեջ գնալով ավելի լայն թափով զարգանում են հենց գիտատար ճյուղերը, ինչպիսիք են թվային և նանոտեխնոլոգիաները, միկրոէլեկտրոնիկան, բիոտեխնոլոգիան և այլն: Ելնելով նշված մարտահրավերներից՝ բազմաթիվ երկրներ բավական մեծ ներդրումներ են կատարում կրթության և գիտության ոլորտներում։

Ցավալի է, բայց ներկայումս գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի ընդամենը 0.25%-ը, ինչի պարագայում դժվար է խոսել գիտության ոլորտի զարգացման մասին, այնինչ բազմաթիվ երկրներում, որտեղ մեծ տեղ է հատկացվում գիտության զարգացմանը, այս ցուցանիշը կազմում է մինչև 4-5%:

Գաղտնիք չէ, որ մարդկային կապիտալը ժամանակակից տնտեսական համակարգի ամենակարևոր բաղադրիչն է, և դրա զարգացման ապահովումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանն ունի այն գիտական ներուժը, որը պետական պատշաճ հովանավորության և նպատակային ֆինանսավորման միջոցով կարող է Հայաստանին դուրս բերել տնտեսության գիտատար ոլորտներում համաշխարհային շուկայի առաջատարների շարքերը։ Այս առումով գիտության զարգացումը պետք է հանդիսանա մեր պետության կարևորագույն ռազմավարական նպատակներից մեկը: Այն կարևոր նշանակություն կունենա նաև Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման և օտարերկրյա կապիտալի լայնածավալ հոսքերի ապահովման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը: Մասնավորապես, կարող է ստեղծվել գիտության և արտադրության կապն ապահովող համապատասխան հարթակ, որտեղ նորարարական գաղափարները կքննարկվեն, և դրանցից լավագույնները, պետական աջակցություն ստանալով, կներդրվեն տնտեսության մեջ։