Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Չինաստանից յոթ մտերիմ ընկերուհիների պատմությանը՝ ներկայացնելով`ինչպես են նրանք առանձնատուն գնել, վերանորոգել այն, որպեսզի բոլորով այնտեղ ծերանան:
Ամեն ինչ սկսել է 2008թ. անմեղ կատակից. նրանք կատակով ասել են, որ թոշակի անցնելուց հետո միասին են ծերանալու իրենց երազանքների տանը:
Սակայն կատակն ու անլուրջ երազանքն իրականություն են դարձել նախորդ տարի, երբ կանայք Գուանչժոու քաղաքի արվարձաններից մեկում առանձնատուն են գնել ու որոշել են այն վերանորոգել՝ ապագայում այնտեղ ծերությունը միասին դիմավորելու համար:
Ընկերուհիները տան վերանորոգման համար ծախսել են ավելի քան կես միլիոն դոլար: Արդյունքում երեքհարկանի տունը համալրվել է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Տունն ունի յոթ առանձին ննջասենյակ՝ նախատեսված կանանցից յուրաքանչյուրի համար:
«Սկզբում դա ուղղակի կատակ էր: Մենք ասացինք, որ 60 տարեկանում բոլորով իրար հետ ենք ապրելու: Մենք բոլորս էլ անկախ անհատներ ենք, բայց միևնույն ժամանակ կարող ենք մեկս մյուսի վրա հույս դնել: Տասը տարի անց մեր բոլորի երեխաներն արդեն մեծացած կլինեն, և մենք կկարողանանք միասին ապրել»,- պատմել է նրանցից մեկը՝ Ջին Դուն՝ մանրամասնելով, որ իրենք ծանոթացել են աշխատավայրում և արդեն 20 տարի բոլորով ընկերություն են անում: