3 տղաների մայրը հուզիչ նամակ է գրել իր ապագա հարսներին. այն կարդալով՝ անհնար է պահել արցունքները


03:50 , 9 հուլիս, 2019

Կյանքը ցույց է տալիս, որ սկեսուրների և հարսների միջև հարաբերությունները շատ տարբեր են լինում՝ սիրուց մինչև ատելություն։ Երբ երեք տղաների մայր Ռեյչել Բոուլին հրապարակեց իր ապագա հարսներին ուղղված հուզիչ նամակն իր բլոգում, նա բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ստացավ այլ կանանցից։ Ոմանք խոստովանում էին, որ լաց են եղել, քանի որ իրենք էլ շատ կցանկանային նման հասկացող և հոգատար սկեսուր ունենալ։

Ձեզ հետ կիսվում ենք Ռեյչելի նամակով` հույս ունենալով, որ այն օգտակար կլինի ձեզ համար«

«Նամակ իմ ապագա հարսին

Վերջերս մեկը հարցրեց ինձ, թե ինչպիսին կուզենայի տեսնել իմ տղաներին, երբ մեծանան։ Ես այդ մասին ամեն օր եմ մտածում։ Երբ նայում եմ տղաներիս, ես փոքրիկ տղաներ եմ տեսնում, բայց ես չեմ ուզում փոքրիկ տղաներ մեծացնել։ Ես տղամարդկանց եմ դաստիարակում, որոնք մի օր ամուսիններ ու հայրեր են դառնալու։

Եվ այսպես, թանկագին իմ ապագա հարս, ես կցանկանայի քեզ մի քանի բան ասել։ Դա ամենը չէ, բայց մենք դեռ ժամանակ կունենանք զրուցելու։ Ես դեռ չեմ ճանաչում քեզ, բայց արդեն սիրում եմ։ Ես սիրում եմ քեզ նրա համար, որ մի օր դու սիրելու ես իմ որդուն։ Եվ նա էլ քեզ է սիրելու։ Կգա օրը, և այս փոքրիկ տղան քոնը կդառնա։ Նա միշտ էլ իմը կլինի, սակայն դու կգրավես իմ տեղը շատ առումներով։ Մի օր քո ձեռքը կփոխարինի իմին։ Քո աչքերը նրան հանգիստ կպարգևեն, իսկ քո սիրտը նրա տունը կդառնա։ Քեզ է նա համբուրելու գիշերները։ Քեզ հետ է նա կիսվելու իր երազանքներով։ Դու ես հանգստացնելու նրան, երբ նա ինչ-որ բանից վախենա։ Քո ձեռքերում է լինելու նրա սիրտը, հենց այն սիրտը, որը բաբախում է իմ կրծքի մոտ, երբ ես նրան ամուր գրկում եմ ամեն գիշեր։ Մի օր, սիրելիս, դա դու ես լինելու։

Ես միշտ ցանկացել եմ դուստր ունենալ։ Հիմա ես համոզված եմ՝ դա դու ես լինելու։ Ուզում եմ, որ դու իմանաս. ես ամեն օր աղոթում եմ քեզ համար, այնպես, ինչպես աղոթում եմ որդիներիս համար։ Ես աղոթում եմ, որ ծնողներդ սիրեն, աջակցեն ու հավատան քեզ։ Ես աղոթում եմ, որ նրանք սովորեցնեն քեզ սիրել առաջին հերթին ինքդ քեզ, քանի որ առանց դրա դու չես կարողանա սիրել ուրիշին։ Ես աղոթում եմ, որ դու հասկանաս քո արժեքը, որպեսզի հարգես ինքդ քեզ և որպեսզի քեզ սովորեցնեն հարգել ուրիշներին։ Ես աղոթում եմ, որպեսզի դու չվախենաս ասել այն, ինչ մտածում ես։ Տղամարդկանց համար շատ կարևոր է կառուցողական քննադատությունը։

Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ, չնայած նրան, որ ես կարող է շատ սխալներ անեմ, ես մտադիր եմ որդուս այնպես դաստիարակել, որպեսզի նա պաշտի քեզ։ Ես չեմ կարող լիովին պատասխանատու լինել նրա արժանիքների ու թերությունների համար։ Դա մայրս է ինձ սովորեցրել։

Նա ինքն է իր տերը։ Նա ունի իր առանձնահատկությունները, որոնք դու աստիճանաբար կուսումնասիրես, և կգա այն օրը, երբ դու նրան ավելի լավ կճանաչես, քան ուրիշ որևէ մեկը։ Նրան տարածք տուր չկորցնելու իր «ես»-ը, իսկ ես նրան կսովորեցնեմ նույն կերպ վարվել քեզ հետ։ Նա չպետք է լրացնի քեզ, և դու էլ նրան չես լրացնելու։ Սակայն միասին դուք պետք է ավելի լավը լինեք, քան առանձին-առանձին։ Ես խոստանում եմ կիսվել քեզ հետ նրա մասին բոլոր գաղտնիքներով, որպեսզի օգնեմ քեզ ավելի ուժեղ սիրել նրան։ Երբ գա ժամանակը, ես կվստահեմ քեզ նրա սիրտը, ինչպես դու կվստահես նրան քոնը։ Ինձ համար սրանք դատարկ խոսքեր չեն, և ես աղոթում եմ, որ քեզ համար էլ դրանք դատարկ չլինեն։ Ես դաստիարակում եմ նրան այնպես, որ նա հասկանա՝ կնոջ սիրտը անգին է, և եթե այն կոտրես, այն այլևս երբեք նույնը չի լինի, ինչպես առաջ էր։ Բաժանությունը միշտ չէ, որ վատ է, բայց ես կցանկանայի, որ իմ տղան լիներ այն տղամարդը, որը չի կոտրի քո սիրտը։

Ես փորձում եմ մեծացնել որդիներիս ուժեղ, բայց միևնույն ժամանակ զգացմունքային, համարձակ, բայց համեստ։ Ես ուզում եմ, որ նրանք համարձակ լինեն, բայց չվախենան օգնություն խնդրելուց, որպեսզի նրանք առաջնորդներ լինեն, բայց նաև ընդունեն հեղինակություններին։ Ես աղոթում եմ, որ նա ծառայի քեզ, և որ դու չչարաշահես դա։

Ես աղոթում եմ, որ քո սերը տղայիս հանդեպ օր-օրի ավելի շատանա։ Նույնը ես աղոթում եմ նրա համար։ Ես հույս ունեմ, որ դուք երկուսով կկառուցեք ձեր կյանքը և երբեք չեք մոռանա, թե ինչպես եք կառուցել։ Ուժեղ մնացեք միասին. դուք ողջ կյանքում միմյանց կարիքն եք ունենալու։

Օգնեք միմյանց, սիրեք։ Երբեմն կենցաղային խնդիրները կարող են շատ լուրջ լինել։ Հնարավոր է՝ մի օր դու նայես նրա վրա և հարցականի տակ դնես բոլոր ընդունածդ որոշումները։ Ես աղոթում եմ, որ այդ պահին դու նայես ձեր ընտանիքի հիմքին և հիշես, թե ինչու ես դու ընտրել այստեղ լինելը։ Ես խոստանում եմ քեզ, որ ամեն օր նույն բանը նաև որդուս եմ սովորեցնելու։ Ես մշտապես սեր եմ սերմանելու նրա սրտում։ Ես կսովորեցնեմ նրան հասկանալ քո խոսքերը, աջակցել քեզ, սիրել։ Ես Խոստանում եմ նրան ինքնաբավ մեծացնել, որ նա նաև քեզ կարողանա ինչ–որ բան տալ։

Շատ տարիներ կանցնեն, մինչև որ ես և դու կհանդիպենք։ Բայց ամեն օր ես աղոթելու եմ քեզ համար։ Ես սիրելու եմ քեզ։ Եվ երբ ես քեզ հանդիպեմ, ես քեզ ավելի շատ կսիրեմ, քան հիմա եմ սիրու, քանի որ դու սիրելու ես իմ տղային և դու իմ դուստրն ես դառնալու»։